ԱՄՆ-ում մոտ 100 միլիարդ դոլար են գողացել բյուջեից հատկացված միջոցներից, որոնք նախատեսված էին օգնելու համաճարակի պատճառով աշխատանքը և բիզնեսը կորցրած մարդկանց՝ հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Գաղտնի ծառայություն տվյալները:
Գողացված գումարի մեծ մասը աշխատանքը կորցրած մարդկանց օգնելու ծրագրերի հետ կապված խարդախ սխեմաներից է եղել:
Աշխատանքի դեպարտամենտը հայտնել է, որ գործազրկության նպաստներից մոտ 87 միլիարդ դոլարը կվճարվի ոչ պատշաճ կերպով, դրանց զգալի մասը կարող է դառնալ խարդախների սեփականությունը։ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ իրականացված հետաքննության արդյունքում ձերբակալվել է մոտ 100 մարդ:
Իր հերթին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը անցյալ շաբաթ հայտարարել է, որ խարդախության դեմ պայքարի վարչությունը պատասխանատվության է ենթարկել 150 մեղադրյալի ավելի քան 95 քրեական գործով։ Արդյունքում առգրավվել է ավելի քան 75 միլիոն դոլար կանխիկ գումար, որը հավաքվել էր խարդախների կողմից COVID-19-ի դեմ աջակցության ծրագրերի իրականացման ժամանակ, ինչպես նաև գողացված միջոցներով գնված բազմաթիվ անշարժ գույք և շքեղ իրեր։