Իսրայելը աշխարհում առաջին երկիրն է, որ սկսել է զանգվածային պատվաստումների չորրորդ փուլը՝ գրում է Euronews-ը։ Առաջին հերթին դա վերաբերում է 60 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիներին և բուժաշխատողներին: Որոշումն ընդունվել է աշխարհում «Օմիկրոն» նոր շտամի արագ տարածման ֆոնին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական զեկույցի համաձայն՝ COVID-19-ի «Օմիկրոն» շտամով վարակվելու դեպքեր են գրանցվել 106 երկրում։
ԱՀԿ-ն, հղում անելով վերջին տվյալներին, նշում է, որ «Օմիկրոնն» ավելի արագ է տարածվում, քան «Դելտա» շտամը, նույնիսկ բարձր կոլեկտիվ իմունիտետ ունեցող երկրներում։
Կազմակերպությունը նշում է, որ հիվանդության այս տարբերակի ծանրության մասին տվյալները դեռ «սահմանափակ են», իսկ Հարավային Աֆրիկայում և Մեծ Բրիտանիայում «Օմիկրոնով» հիվանդների հոսպիտալացումների թիվը «շարունակում է աճել»։
Բացի դրանից՝ նախնական տվյալներով, նախկինում COVID-19-ով հիվանդացած կամ պատվաստման առաջնային կուրսն անցած հիվանդների մոտ «Օմիկրոնի» չեզոքացումն ավելի դժվար է եղել, քան կորոնավիրուսի նախկին շտամների դեպքում։
Ստացված տեղեկություններից ԱՀԿ-ն եզրակացնում է, որ «Օմիկրոնի» հետ կապված ռիսկը մնում է «շատ բարձր», ինչպես նաև զգուշացնում է առողջապահական համակարգերի փլուզման ռիսկի մասին: