Hye Hopes նախագիծն անցկացրեց երկրորդ օնլայն դրամահավաքը, որի նպատակն է տեխնոլոգիական աջակցություն տրամադրել Սյունիքի դպրոցներին։ Նախագծի մեկնարկը տրվեց անցած տարի՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Գլենդեյլի հանրային դպրոցների կրթական խորհրդի անդամ Գրեգ Գրիգորյանը համախմբեց ոլորտի մասնագետներին՝ նախաձեռնելով առցանց դրամահավաք: Հանգանակված 60 հազար դոլարով Կապանի և Վերին Շենի երեք դպրոցներում ստեղծեցին համակարգչային դասասենյակներ և դասընթացներ կազմակերպեցին աշակերտների համար։
Գրեգ Գրիգորյան, Գլենդեյլի հանրային դպրոցների կրթական խորհրդի անդամ - Hye Hopes նախագիծը մեկ տարեկան է և շարունակում է Սյունքի դպրոցներին ծառայելու առաքելությունը, այն է՝ համակարգիչներ տրամադրել, լաբորատորիաներ ստեղծել Սյունիքի դպրոցականների համար, նաև դասընթացներ կազմակերպել՝ որակյալ կրթություն տալու նպատակով։
Նախաձեռնող խումբը մտադիր է ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը, ներառել նոր դպրոցներ:
Ալինա Վեհունի, Դասավանդման և սոցիալ-հուզական ուսուցման գծով տնօրեն - Մեր նպատակն է նաև ընդլայնվել տարբեր քաղաքներում և գյուղերում։ Հաջորդը Մեղրին է, հետո՝ Սիսիան, Գորիս, ունենք նույնիսկ հայցեր այնտեղի տնօրեններից, Խնձորեսկի և այլն, որոնք հետաքրքրված են մեզ հետ համագործակցությամբ և սպասում են, որ պատրաստ լինենք տեխնոլոգիա և դասընթաց տարամադրել։
Hye Hopes նախագծի իրականացմանը նպաստել է Գլենդեյլ-Կապան քույր-քաղաքների համագործակցության ծրագիրը։ Բացի այդ, Կալիֆոռնիայի նահանգային սենատի օրակարգում է Կալիֆոռնիայի և Սյունիքի միջև գործակցության դաշտ ապահովող բանաձևը, որն արդեն ընդունվել է նահանգային խորհրդարանի ստորին պալատում։ Այդ փաստաթուղթը նույնպես կնպաստի Hye Hopes նախագծի հետագա ընդլայնմանը:
Արմեն Բայբուրդյան, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս - Ամերիկյան կրթական կարևոր տարրերը մատուցվում են Սյունիքում, և գաղափարն այն է, որ տարածվեն այս գաղափարներն Արցախում, Հայաստանի այլ մարզերում և ոչ միայն պատերազմից տուժած երիտասարդների համար, այլ դարձնել համընդգրկուն։
Ծրագիրը կարևորում է նաև Կալիֆոռնիայի նահանգային սենատոր Էնթոնի Փորթանթինոն՝ բարձր գնահատելով նախաձեռնության զարգացման ներուժը:
Էնթոնի Փորթանթինո, Կալիֆորնիայի նահանգային սենատոր - Տեխնոլոգիական աջակցույթյունն ամեն տարի նոր երեխաների կներգրավի շահառուների շարքում, նրանք էլ վստահաբար հաջողություններ կունենան կյանքում, քանի որ նրանց ապագայի համար ջանքեր են ներդրվել։
Hye Hopes նախագծի երկրորդ դրամահավաքի ընթացքում նվիրաբերվեց մոտ երեսուն հազար դոլար։ Կազմակերպիչները նշեցին, որ նվիրատվությունները կշարունակվեն նաև տարվա ընթացքում։ Հույս ունեն՝ կհասնեն նախորդ տարի հավաքած գումարին՝ ևս երեք դպրոց տեխնոլոգիապես վերազինելու համար։
Հեղինակ՝ Լիլիթ Սեդրակյան