ԱՄՆ պետդեպարտամենտը Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարություններից հետո Մոսկվային կոչ է արել դադարեցնել «կեղծ ու սադրիչ հռետորաբանությունը»։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ ԱԳՆ մամուլի քարտուղար Նեդ Փրայսը՝ տեղեկացնում է ТАСС-ը։
«Հակառակ ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունների՝ լարվածության սրման համար պատասխանատու են Ռուսաստանը և նրա կողմնակիցները, ոչ թե Ուկրաինան կամ ԱՄՆ-ը»,- գրել է նա Twitter-ի իր էջում։
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին էլ, իր հերթին, հերքել է ռուսական կողմի հայտարարությունները ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների աշխատակիցների մասնակցությամբ Դոնբասում սպասվող սադրանքների մասին։
Երեքշաբթի ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն նախարարության կոլեգիայի նիստում հայտնել է, որ Դոնեցկի մարզի Ավդեևկա և Պրիազովսկոյե բնակավայրերում ներկա է ամերիկյան ավելի քան 120 զինվորական։ Ըստ նախարարի՝ նրանք զինտեխնիկան տեղադրում են բնակելի շենքերում և սոցիալական նշանակության օբյեկտներում, ուկրաինական ուժայիններին և արմատական զինված խմբավորումներին պատրաստում են ակտիվ ռազմական գործողությունների համար: Շոյգուն նաև նշել է, որ սադրանքներ անելու համար Ավդեևկա բնակավայր և Կրասնի Լիման գյուղ են հասցվել տանկեր՝ չպարզված քիմիական բաղադրիչներով։