2022 թվականին կառավարությունը մշակույթի ոլորտին կհատկացնի 1 մլրդ 600 մլն դրամ՝ մշակութային միջոցառումների, կրթական ծրագրերի իրականացման ու մշակութային օջախների բարեկարգման համար: Տարեկան ամփոփիչ ասուլիսը ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը դրական լուրերով է սկսում:
Արա Խզմալյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Բոլորովին վերջերս կառավարության որոշմամբ 168 մլն դրամ հատկացվեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին: Ես սա համարում եմ տարվա լավագույն ձեռքբերումներից մեկը: Սա վերջը չէ, պետական բյուջեով գրեթե նույն ծավալով հատկացում կլինի 2022 թվականին, այսինքն՝ մենք կունենանք լիարժեք վերազինված կառույց:
Հաջորդ տարի շուրջ 1 մլրդ դրամ կհատկացվի թատերահամերգային կառույցների հիմնանորոգման և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար: Աջակցության ծրագրերից օգտվել և շարունակելու են օգտվել այն կառույցները, որոնք միջազգային լայն համագործակցություն են ապահովել՝ ասում է Խզմալյանը:
Այս տարի ներդրումներ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման ծրագրով հատկացվել է 54,5 միլիոն դրամ, ներդրումներ թանգարանների և պատկերասրահների հիմնանորոգման ծրագրով՝ 108,5 մլն դրամ, աջակցություն քանդակների և արձանների պատրաստման, տեղադրման ծրագրով՝ 96,4 մլն դրամ, հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում ծրագրի շրջանակում՝ շորջ 242,7 մլն դրամ, կինեմատոգրաֆիայի ծրագրով Ազգային կինոկենտրոնին հատկացվել է 20 մլն դրամ:
Փոխնախարարի խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվելու հնագույն և միջնադարյան ամրոցների պահպանությանն ու վերականգնմանը: Հիշեցնում է՝ վանդալիզմի ենթարկված մի քանի արձաններ արդեն իրենց տեղում են՝ ամբողջովին վերականգնված:
Արա Խզմալյան - Վերականգնվել է Բյուրեղավանի «Արձագանք» և Չարենցավանի «Անվերջության ժապավեն» արձանները, հավանաբար տեսել եք, դա ուղղակի մեր խայտառակությունն էր՝ ամենաբանուկ զբոսաշրջային տեղում հազարավոր մարդիկ ականատես էին լինում մեր վերաբերմունքին մեր արժեքների հանդեպ:
Համագործակցելով մասնավոր հատվածի հետ՝ հուշարձանների նորոգման աշխատանքները կշարունակվեն նաև եկող տարի: Իսկ կրթամշակութային խոշոր ծրագրերից Խզմալյանն առանձնացրեց «Դասարան+դասական», «Քո արվեստը դպրոցում», «Զարդագիր», «Արվեստասերունդ» ծրագրերը: Պատերազմի ծանր օրերին մշակութային ամենամեծ նախաձեռնություններից էր նաև «Թիկունքը՝ մշակույթ, կենտրոնը՝ սահման» ծրագիրը:
Արա Խզմալյան - Ուզում եմ խոսել «Հայաստանի փոքրիկ երգիչների» Սյունիք և Արցախ այցի մասին, այդ այցը եղավ ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանի սահմաններն անհանգիստ էին: Մեր պրոֆեսիոնալ, հասուն մարդկանցից կազմված երգչախումբը հրաժարվեց մեկնել, իսկ փոքրիկ երգիչները պնդեցին ու մեկնեցին:
Խզմալյանն անդրադարձավ նաև տարվա ամենաղմկահարույց իրադարձությանը՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Կամերային երաժշտական թատրոնների միավորմանը:
Արա Խզմալյան - Ես համարում եմ, որ մենք գործել ենք մեր իրավասությունների շրջանակում: Մենք այսօր ամեն ինչ անում ենք, որ ստեղծագործական կազմը և, ընդհանրապես, թատրոնի կոլեկտիվն առավելագույնս տեղավորենք մեր կառույցներում, և այս օրինակը ես համարում եմ օպտիմալացում կոչվողի լավագույն օրինակը:
2021թ. պետական աջակցությամբ 12 պրեմիերա են բեմադրել հայկական թատրոնները՝ ասաց փոխնախարարը: Ավելի քան 2 տարվա դադարից հետո վերաբեմադրվել է «Սպարտակ» բալետը: Իսկ արդեն 2022-ին կիրականացվեն հայ-վրացական համատեղ մշակութային նախագծեր:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան