Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնները դեռ պատշաճ չեն պահպանվում: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն Աջափնյակում խախտումների վերաբերյալ այսօր արձանագրություններ կազմեցին:
Հակոբ Բաղդասարյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ) - Տվյալ միկրոավտոբուսը գերբեռնված էր, համապատասխան նստատեղերից ավելի ուղևորներ է վերցրել, դրա համար համապատասխան արձանագրություն ենք կազմում, վարորդը տեղում կստորագրի: Այս պահին նախազգուշացում ենք տալիս, երկրորդ անգամ կրկնվելու դեպքում կտուգանվի:
Չտուգանվելու համար տեսչականի մասնագետները վարորդներին հորդորում են հետևել հակահամաճարակային կանոններին, հետևել, որ բոլորը պարտադիր դիմակով լինեն, նաև՝ տրանսպորտում ապահովել ախտահանիչ միջոցների առկայությունն ու գերբեռնված չերթևեկել:
Էդուարդ Խաչատուրյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժնի ավագ մասնագետ) - Կանգնած ուղևորներ միկրոավտոբուսում չեն թույլատրվում, ավտոբուսներում՝ սոցիալական հեռավորություն ա, դրա համար միկրոավտոբուսից իջացրինք կանգնած ուղևորներին:
Տեսչականի մասնագետները վարորդների դժգոհությունները լսում, բացատրում են՝ կարգն է այդպիսին. երթուղի դուրս գալուց առաջ համոզվել, որ վարորդական փաստաթղթերն ամբողջական են, բուժակն ու մեխանիկն էլ պատշաճ կատարել են իրենց գործը, թույլատրել ղեկին նստել:
Անցած 7 օրում տեսչականի մասնագետները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում 635 տրանսպորտ են ստուգել, 67 արձանագրություն կազմել: Խախտումների մեծ մասը գերբեռնված երթևեկելու հետ է կապված եղել: