Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնություններից են՝ Հայաստան-Վրաստան տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ արձանագրել է Հայաստանի վարչապետը և նշել, որ հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի արտացոլում եղած ունեցած ներուժը: Նիկոլ Փաշինյանը այս համատեքստում անդրադարձել է նաև տրանսպորտային ենթակառուցվածքներին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեծ կարևորություն ենք տալիս Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային երթուղին և տրանսպորտի ոլորտում այլ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։ Հարկ եմ համարում նշել, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին, իրավամբ, կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Ընդ որում, ես ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք, որ վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծեց, որ մենք Վրաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք ոչ միայն երկկողմ հարթության, այլև տարածաշրջանային համագործակցության տիրույթում: Սա չափազանց կարևոր է մեր հարաբերությունների համատեքստում: Այո, Հայաստանը և Վրաստանը համագործակցության բավականին լուրջ դաշտ ունեն, և կարող ենք մենք փոխադարձաբար մեկս մյուսին աջակցել:
Նիկոլ Փաշինյանը Պարսից ծոց- Սև ծով երթուղու մասին խոսելիս անդրադառնում է թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային երթուղիներին: Արդեն իսկ իրականացվում է Հյուսիս-հարավ նախագիծը՝ կապելով հայ-վրացական սահմանը հայ-իրանականին:
Նիկոլ Փաշինյան - Եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Արբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի՝ դառնալով Հյուսիս-հարավ, Արևելք-արևմուտք երթուղի: Այս իմաստով ուզում եմ տեղեկացնել, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով հնարավորություն է առաջացել, որ Ադրբեջանի հետ կարող ենք համաձայնության գալ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ:
Ադրբեջանի հետ սկզբունքային պայմանավորվածություն կա երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ՝ տեղեկացնում է վարչապետը՝ խոսելով Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին:
Նիկոլ Փաշինյան - Որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե այս նախագիծը կարող է շահեկան չլինել Վրաստանի համար, ես նկատի ունեմ երկաթուղային հաղորդակցության բացումը: Պիտի կտրականապես չհամաձայնվեմ այդ դիրքորոշման հետ, որովհետև եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրանի Իսլամական Հանրապետություն երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, և այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով` դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոն:
2021-ին Հայաստանի և Վրաստանի միջև կայուն աճ կա ուղիղ կանոնավոր չվերթերի ու ուղևորափոխադրումների ոլորտում: Այստեղ ևս առանցքային է երկաթուղային տրանսպորտային գործակցության ընդլայնումը, ինչը կնպաստի ավելի մեծ աճի: Հարևան երկրներն ակտիվ գործակցում են նաև էներգետիկ ոլորտում: Փաշինյանի խոսքով՝ Վրաստանը՝ որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի նաև դեպի Հայաստան էներգառեսուրսների հուսալի և անվտանգ մատակարարման առումով։
Նիկոլ Փաշինյան - Հայկական կողմը պատրաստ է աջակցել Հայաստան-Վրաստան բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծի գործող շինարարական համաձայնագրի բոլոր տեխնիկական հավելվածների մշակմանն ու ստորագրմանը, ինչպես նաև Հայաստանի հյուսիսում նոր ցանցերի և հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի շինարարական աշխատանքների մեկնարկին։
Արդյունավետ աշխատանքի մեծ ներուժ ունեցող ոլորտներից են նաև թվայնացումը, բարձր տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունն ու ստարտափերը: Փաշինյանը վրաց գործընկերներին առաջարկել է նաև ուսումնասիրել Վրաստանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ բացելու հնարավորությունը: Ձեռքբերումներ կան նաև առողջապահության ոլորոտում՝ նկատում է վարչապետը և հավելում՝ գործակցությունն այս ոլորտում անհրաժեշտ է շարունակել և զարգացնել: Իսկ կրթական ոլորտում արդեն գործնական քայլեր են նկատվում:
Նիկոլ Փաշինյան - Վրացական կողմի առաջարկի հիման վրա հայկական կողմն արդեն իսկ ձեռնամուխ է եղել համապատասխան աշխատանքների իրականացմանը, ինչը կնպաստի Վրաստանի հանրակրթական հաստատություններում հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչների ընդգրկմանը ատեստավորման գործընթացում, որի նպատակը մասնագետների որակավորումը բարձրացնելն է: Իր հերթին, մենք կդիտարկենք Հայաստանում վրացերենի ուսուցման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ ակնկալելով վրաց գործընկերների աջակցությունն այս հարցում:
Ակտիվ երկխոսություն կա նաև մշակույթի բնագավառում՝ նկատում է Փաշինյանը: Այստեղ հայ-վրացական մշակութային կապերի նոր օրակարգի ձևավորման կարիք կա: Պետք է ակտիվ աշխատել նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ, հաշվի առնելով նաև ստորագրված «Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը:
Նիկոլ Փաշինյան - Այս առումով մեր վրացի գործընկերներին առաջարկում ենք մշակել զբոսաշրջության ոլորտում հայ-վրացական համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր։ Այս գաղափարը նոր չէ և մենք խոսել ենք և պետք է մեր զբոսաշրջային կազմակերպություններին քաջալերենք, որպեսզի նրանք միասնական փաթեթներ դուրս բերեն շուկա, այսինքն ուղղությունը լինի ոչ թե Հայաստան կամ Վրաստան, այլ ուղղությունը միանգամից լինի Հայաստան և Վրաստան, Վրաստան և Հայաստան:
Լայն հնարավորություններ կան նաև Հայաստանի և Վրաստանի շրջանների միջև ապակենտրոնացված գործակցության համար՝ նշում է վարչապետ Փաշինյանը և առաջարկում սահմանամերձ մարզերի, շրջանների ղեկավարների մակարդակում գործակցության նոր ձևաչափեր ստեղծել: