ՌԴ-Ն ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՆԱՏՕ-Ի ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ
Մոսկվան որևէ դեպքում թույլ չի տա Ուկրաինայում և Վրաստանում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայում: Այս մասին հայտարարել է Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը: Նրա խոսքով՝ եթե կառույցը փորձի նման քայլի գնալ, «Ռուսաստանի պատասխանը բոլորովին այլ կլինի»:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Մոսկվան ՆԱՏՕ-ից պահանջում է հետ կանչել Վրաստանի և Ուկրաինայի՝ ապագայում կազմակերպության կազմում ընդգրկվելու որոշումը: Օրերս ՌԴ արտգործնախարարությունն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին առաջարկել էր անվտանգության երաշխիքների մասին պայմանագրեր ստորագրել, որոնց համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է պարտավորվեն բացառել կառույցի հետագա ընդլայնումը, այդ թվում՝ Ուկրաինայի, ինչպես նաև հետխորհրդային այլ պետությունների տարածքում։
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Այսօր Նուր Սուլթանում մեկնարկել է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի հերթական միջազգային հանդիպումը: Մասնակիցները կքննարկեն Ժնևում Սիրիայի սահմանադրական կոմիտեի աշխատանքի հեռանկարները, Սիրիայում տիրող իրավիճակը, ապաէսկալացիայի գոտիներում կայունություն պահպանելու խնդիրները՝ Աստանայի գործընթացում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Նիստի ընթացքում նախատեսվում է անցկացնել Բռնի ազատազրկված անձանց հարցերով աշխատանքային խմբի նիստ՝ երաշխավոր երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնակցությամբ։
ԱՀԿ-Ն ՀՈՐԴՈՐԵԼ Է ՉԵՂԱՐԿԵԼ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Աշխարհում կորոնավիորւսի նոր շտամի տարածման ֆոնին՝ Առողջապահության համաշխարհայի կազմակերպություը հորդորել է չեղարկել տոնական միջոցառումները: Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ կյանքեր փրկելու համար պետք է հրաժարվել մեծ տոնախմբություններից, քանի որ «Օմիկրոնը» շատ արագ է տարածվում: ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ համավարակի մասին մոռանալ հնարավոր է միայն այն ժամանակ, երբ վերջ դրվի աշխարհում անհավասարությանը: Խոսելով աշխարհում պատվաստանյութերի հասանելիության անհամաչափության մասին՝ նա աշխարհի առաջնորդներին կոչ է արել հավասար բաշխել պատվաստանյութերը:
«ՕՄԻԿՐՈՆ» ՇՏԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀՎԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔՆ ԱՄՆ-ՈՒՄ
ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19-ի «Օմիկրոն» շտամի հետևանքով մահվան առաջին դեպքը: Հիվանդը 50 տարեկան է եղել, առողջական լուրջ խնդիրներ ունեցել և պատվաստված չի եղել: Վերջին շաբաթվա ընթացքում «Օմիկրոնը» դարձել է ԱՄՆ-ում COVID-19-ի գերիշխող շտամը՝ կազմելով բոլոր հաստատված դեպքերի 73,2 տոկոսը։