Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը դեկտեմբերի 27-ին հրավիրվել է գլխավոր դատախազություն՝ պետական միջոցների հափշտակության սխեմային մասնակցելու կասկածանքով ցուցմունք տալու համար, հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Մարիաննա Կերպեկը:
«Մոլդովայի սոցիալիստների կուսակցության պատվավոր նախագահ Իգոր Դոդոնը կանչվել է գլխավոր դատախազություն՝ հարցաքննության: Նա Energocom ձեռնարկությանը վերաբերող քրեական գործով կասկածյալ է ճանաչվել։ Դոդոնին գլխավոր դատախազությունում սպասում են դեկտեմբերի 27-ին»,- ասել է Կերպեկը, փոխանցում է РИА Новости-ն:
Հետաքննության վարկածով՝ 2008 թ. Մոլդովային էլեկտրաէներգիայով ապահովելու համար պատասխանատու Energocom ընկերության ղեկավարությունը հանցավոր համաձայնության է եկել էկոնոմիկայի նախարարության, Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալության և արտերկրից մի շարք անձանց հետ: Դատախազությունը կարծում է, որ նրանք միասին իրականացրել են կոռուպցիոն սխեմա, որը նրանց թույլ է տվել անհիմն կերպով ուռճացնել էլեկտրաէներգիայի ձեռքբերման գինը և յուրացնել տարբերությունը: Այդ սխեմայից պետության նախնական վնասը գերատեսչությունը գնահատում է շուրջ 12 մլն դոլար։
Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնն այդ ընթացքում գլխավորել է երկրի էկոնոմիկայի նախարարությունը և եղել է առաջին փոխվարչապետ։