Այս տարվա հունիսի 3-ից մինչև հոկտեմբերի 31-ը ընկերություններն ընդունել են 382583 կգ տավարի և 6275 հատ ոչխարի չմշակված կաշի։ Հումք վերամշակող ընկերությունների հզորությունը ամսական 360 տոննա է: Մինչև կաշվի հումքի արգելքի սահմանումը տեղական կաշվի հումքի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալը մոտ 34 մլն դրամ էր, հումքի արտահանման արգելքից հետո ընկերությունների կողմից վերամշակվող տեղական կաշվից ստացվող արտադրանքի ծավալն աճել է 5-6 անգամ՝ կազմելով մոտ 206 մլն դրամ:
Էկոնոմիկայի նախարարության հիմնավորումը հաշվի առնելով՝ դեկտեմբերի 16-ի նիստում Կառավարությունը ևս վեց ամսով երկարաձգեց Հայաստանից կաշվի հումքի արտահանման արգելքը: Նախկինում անմշակ կաշին արտահանվում էր հիմնականում Թուրքիա, այնուհետև վերամշակված կաշին ներմուծվում էր Հայաստան, ասում է «Արմա լեդեր» ընկերության մենեջերը: Ի դեպ, հատկանշական է, որ մեր տարածաշրջանի երկրները վաղուց արդեն արգելել են անմշակ կաշվի արտահանումը՝ այն համարելով տնտեսության համար ռազմավարական նշանակության հումք:
Տարվա այս շրջանը Երևանի կաշվի գործարանի համար ակտիվ աշխատանքային է համարվում: Անասնագլխաքանակի նախատոնական մորթով պայմանավորված՝ գործարանը հիմա անասնապահներից անմշակ կաշի է գնում:
Սնար Ղազարյան («Արմա լեդեր» ընկերության աշխատող) - Կաշին բարակացնում ենք, ինչ հաստության պետք ա հաճախորդին: Որակով ա մեր կաշին: Իհարկե որակով ա:
Կաշվի որակը բարձրացնում են` հաշվի առնելով հաճախորդների առաջարկները: Հայկական կոշիկ, գոտի արտադրողները նախընտրում են տեղական կաշին` ասում է ընկերության մենեջեր Արսին Թուֆեքչին:
Արսին Թուֆեքչի («Արմա լեդեր» ընկերության մենեջեր) - Քանի որ մեր արտադրանքի ծավալները մեծանում ա տարեցտարի, դրա համար իրենք էլ ավելի շատ օգտագործում են հայկական կաշի:
Որքան անասնապահներն առաջարկեն՝ պատրաստ են ամբողջը գնել ու վերամշակել: Օրական կարող են ավելի քան 8 տոննա կաշի մշակել:
Արսին Թուֆեքչի - Արգելքից հետո տեղական կաշվով մեր աշխատանքը 10 անգամից ավել բարձրացել ա, ընդհանուր մեր գործարանի պատրաստի արտադրանքը 150 տոկոս ա բարձրացել, և նոր աշխատողներ ենք ընդունել, 12 հոգի էս պահին էլ մի դեռ 20 հոգուց ավել տեղ ունենք:
Մինչև տարեվերջ պատրաստ են 400 տոննա կաշի գնել, որ հաջորդ տարի արտադրությունը չկանգնի: Պատրաստի արտադրանքը նաև արտահանում են Ռուսաստան: