Թրաֆիքինգի դեմ պայքարի նոր մեխանիզմները դրական արդյունք են տալիս՝ արձանագրել էր ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ իր այս տարվա զեկույցում ու ընդգծել՝ նախորդ հաշվետու ժամանակահատվածի համեմատ Հայաստանը տեղափոխվել է 3-րդից 2-րդ մակարդակ:
Թրաֆիքինգի դեմ պայքարի իրազեկումը Հայաստանով մեկ տարածելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ այս տարվա հուլիսի 30-ից մարզերում ու Երևանում մեկնարկեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավը։
Մասնագետների կարծիքով՝ մարզերում ոչ միայն թրաֆիքինգ երևույթի մասին տեղեկատվության պակաս կա, այլև ինքնաճանաչման լրջագույն խնդիր: Այսինքն՝ քաղաքացիները չգիտեն ինչպես հասկանալ՝ տվյալ իրավիճակում թրաֆիքինգի զո՞հ են, թե՞ ոչ:
Արդեն զոհ դարձած քաղաքացիներին 2 աջակցման ծրագրով օգնություն է տրամադրում պետությունը՝ հասարակական կազմակերպությունների միջոցով: Միանվագ 250 հազար դրամից մինչև տևական կեցություն և ոչ միայն:
Մասնագետների պնդմամբ՝ թրաֆիքինգը սկսվում է պոտենցյալ զոհի տվյալների հավաքագրումից և հենց սա է պատճառը, որ նրանք քաղաքացիներին հորդորում են խուսափել պատահական ու կասկածելի հանդիպումներից ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ վիրտուալ դաշտում:
Ի դեպ, առաջին տեղում կրկին սեռական թրաֆիքինգի դեպքերն են, որին հաջորդում են աշխատանքային շահագործումն ու մուրացկանությունը: Փաստացի՝ այս տարի արդեն նույնականացված 25 զոհից 18-ը սեռական շահագործման դեպքեր են եղել՝ բոլորն էլ գրանցված մեր երկրում: