Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» շտամով վարակման երկու դեպք։ Վարակվածներն ավելի վաղ մեկնել են ԱՄՆ և Մերձավոր Արևելք, մասնավորապես՝ Դուբայ։ Նրանց հետ շփված 26 անձ այժմ հետազոտություններ է անցնում։
Իրանում ևս գրանցվել է «Օմիկրոնով» վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Վարակված քաղաքացին Թեհրան է ժամանել ԱՄԷ-ից:
Եվրոպական երկրները սկսել են նոր սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսի նոր մուտացիայի պատճառով։ Նիդերլանդներում հայտարարվել է կոշտ լոքդաուն. բաց են միայն մթերքի խանութները և դեղատները, իսկ բնակիչներին խորհուրդ է տրվում չլքել տները:
Նոր շտամի տարածման ֆոնին արտակարգ դրություն է հայտարարվել Լոնդոնում։ Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի մի շարք հանդիպումներ չեղարկվել են։
Անցած շաբաթ Բեռլինը սահմանափակել է Բրիտանիայից և եվրոպական մի շարք երկրներից մուտքը Գերմանիա և վերականգնել է երկշաբաթյա կարանտինի պահանջն այդ երկրներից ժամանողների համար:
Իտալիայի իշխանություններն էլ նախատեսում են պարտադիր դարձնել փողոցում դիմակ կրելը և բացասական թեստ պահանջել հասարակական վայրեր այցելելու համար, այդ թվում՝ ամբողջական պատվաստում ստացած անձանցից:
Համաճարակային բարդ իրավիճակ է նաև ԱՄՆ-ում: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ շատ հիվանդանոցներ արդեն գերծանրաբեռնված են։ Իրավիճակը կարող է է՛լ ավելի բարդանալ նոր շտամի տարածման պատճառով: «Օմիկրոնն» արդեն հայտնաբերվել է աշխարհի 70-ից ավելի երկրներում։