Թուրքիայի ինժեներների և ճարտարապետների պալատների միությունը «Դիմանկարներ ճարտարապետների պալատի պատմությունից» շարքի շրջանակներում անդրադարձել է հայազգի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուի կյանքի պատմությանը։ Գիրքը թուրքերեն է և ներկայացնում է «Կեսարացի Զաքարի» մասնագիտական գործունեությունը, մի շարք հայկական եկեղեցիների վերականգնումը, ինչպես նաև ճարտարապետի քաղաքական ու անձնական կյանքը:
Զաքարիա Միլդանօղլու (ճարտարապետ) - Ես 1950 թվականին Կեսարիայի Էքրիք գյուղում եմ ծնվել։ Իսկական անունը Աքարա է, հետո փոխվել և Էքրիք է դարձել։ Նախակրթարանը, առաջին դասարանը գյուղում եմ սովորել, հետո Պոլիս եկա։ Օր մը մայրս և հայրս ասեցին, որ պետք է Պոլիս գնամ՝ սովորելու։ Այդպիսով եկա, ինձ ուղարկեցին։ Մենակ եկա։ Ինձ համար թե դյուրին, թե դժվար եղավ։ Աղքատ ընտանիք էինք, մի քանի կտոր արտից բացի ոչինչ չունեինք։ Եկա հոս, մեկ տարի անց ընտանիքս՝ մայրս, հայրս, եղբայրներս, եկան։ Գաղթեցինք, և հայ չմնաց այդ գյուղի մեջ։
Զաքարիա Միլդանօղլուն նախ Ստամբուլի Քարագյոզյան գիշերօթիկում, ապա Սուրբ Խաչ դպրեվանքում է ուսանել։ Այնուհետև ճարտարապետություն է ուսանել Ստամբուլի տեխնիկական համալսարանում։ Համալսարանական տարիներին զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ, ինչի համար 1980 թվականին բանտարկվել է երեք տարով։
Որպես հայկական ճարտարապետությանը քաջածանոթ ճարտարապետ՝ Միլդանօղլուն, Պոլսո հայոց պատրիարքի առաջարկով, մասնակցել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնմանը:
Զաքարիա Միլդանօղլու - Սուրբ Խաչ Աղթամար վանքի Սուրբ Խաչ եկեղեցին նորոգվեցավ։ Վախճանյալ Մեսրոպ Մութաֆյանը օր մը հեռաձայնեց ինձ, ըսավ, որ «Զաքար, եկուր։ Քեզի հետ տեսնվել կուզիմ գոր»։ Ըսավ, որ ասանկ գործ մը կա, ինձմե ճարտարապետ մը կուզեն։ Դուն կերթաս, կուգաս, կընես։ Անշուշտ ինձի համար մեծ պատիվ՝ ըսի, մեծ հաճույք է։
Զաքարիա Միլդանօղլուն իրականացրել է նաև Ստամբուլի կենտրոնական Բեշիքթաշ թաղամասում գտնվող և հռչակավոր Բալյանների կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցու, ինչպես նաև Քարթալ թաղամասի Սուրբ Նշան եկեղեցու վերականգնումը։ Նա նաև պատրաստել է Օրթաքյոյի Անտոնյան միաբանության վանքի վերականգնման նախագիծը, սակայն թուրքական կառավարությունն այն վերականգնելու թույլտվություն չի տվել:
Զաքարիա Միլդանօղլու - Կառավարությունը արտոնություն չտվավ։ Ըսավ, որ այս վանքը ձեզի չի պատկաներ։ Անոր համար չեմ կրնար նորոգիլ։
Միլդանօղլուն տարիներ շարունակ շրջայցեր է կազմակերպել դեպի տարբեր շրջաններ մեկ նպատակով՝ բացահայտել և ներկայացնել հայկական ժառանգությունը։ Կեսարիա, Ադանա, Դևելի կատարած այցերի որոշ արդյունքներ Հրանտ Դինքի հիմնադրամն ամփոփել է նաև գրքի տեսքով: Հայազգի ճարտարապետի կյանքի մասին պատմող գիրքը դրական արձագանք է ստացել Թուրքիայի ընթերցողների շրջանում։
Զաքարիա Միլդանօղլու - Արձագանքը, գաղափարները շատ լավ են, որովհետև մյուսներու մեջ ասանկ բաներ չկան։ Անոնք միայն իրենց մասնագիտական աշխատանքները պատմած են։ Լավ գիրք մը եղավ։ Շատ հավնեցա, ադիկա ըսեմ։ Որովհետև ամեն բան կա։
Միլդանօղլուն այժմ նոր նախագծերի ուղղությամբ է աշխատում և խոստանում է շուտով ընթերցողների դատին ներկայացնել Թուրքիայում հայկական մշակութային ժառանգությանը նվիրված նոր աշխատանքներ։