ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` 2021 թ. դեկտեմբերի 20-ին եղբոր կողմից քրոջ նկատմամբ սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է Արագածոտնի մարզի՝ 1997 թ. ծնված բնակչուհուց, որը հայտնել է, որ եղբայրն իրենց տանը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։
Նախնական տվյալներով՝ 20-ամյա երիտասարդը, քրոջն ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ տուժողին ցուցաբերված շտապ բուժօգնության շնորհիվ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, առգրավվել է որպես հանցագործության գործիք հանդիսացող դանակը, նշանակվել են փորձաքննություններ:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել: Վերջինս ձերբակալվել է՝ քրոջ սպանության փորձի կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է: