Աշխարհում կորոնավիորւսի նոր շտամի տարածման ֆոնին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորել է չեղարկել տոնական միջոցառումները: Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ կյանքեր փրկելու համար պետք է հրաժարվել մեծ տոնախմբություններից, քանի որ «Օմիկրոնը» շատ արագ է տարածվում: ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ համավարակի մասին մոռանալ հնարավոր է միայն այն ժամանակ, երբ վերջ կդրվի աշխարհում անհավասարությանը: Խոսելով աշխարհում պատվաստանյութերի հասանելիության անհամաչափության մասին՝ նա աշխարհի առաջնորդներին կոչ է արել հավասար բաշխել պատվաստանյութերը:
*****
ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19-ի «Օմիկրոն» շտամի հետևանքով մահվան առաջին դեպքը: Հիվանդը 50 տարեկան է եղել, առողջական լուրջ խնդիրներ ունեցել և պատվաստված չի եղել: Վերջին շաբաթվա ընթացքում «Օմիկրոնը» դարձել է ԱՄՆ-ում COVID-19-ի գերիշխող շտամը՝ կազմելով բոլոր հաստատված դեպքերի 73,2 տոկոսը։ «Օմիկրոնը» Դանիայում նույնպես արդեն գերիշխող է։ Ավելի վաղ Դանիայի վարչապետը հայտարարել էր, որ իշխանությունները որոշել են հաջորդ ամսվա համար մի շարք սահմանափակումներ մտցնել՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։
*****
Շվեդիայում 2 օրից նոր սահմանափակումներ կգործեն. պատճառը COVID-19-ով վարակվածների թվի աճն է և նոր «Օմիկրոն» կորոնավիրուսային շտամի տարածումը՝ հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը՝ կոչ անելով հանրությանը կենտրոնանալ պատվաստման գործընթացի և հակահամաճարակային կանոնների պահպանման վրա: Վարչապետը խորհուրդ է տվել հնարավորության դեպքում անցնել հեռավար ռեժիմի։ Ռեստորաններից կպահանջվի սեղանների միջև պահպանել մեկ մետր հեռավորություն, իսկ մասնավոր միջոցառումներին ներկա մարդկանց թիվը պետք է չգերազանցի 50-ը:
*****
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հայտարարել է, որ դեռ հստակ չէ՝ արդյոք «Օմիկրոնի» համար նոր պատվաստանյութ ստեղծելու անհրաժեշտություն կա: Ճեպազրույցի ժամանակ Եվրոպական դեղամիջոցների գործակալության գործադիր տնօրենը հայտարարել է, որ ավելի շատ տվյալներ են պետք հասկանալու, թե առկա պատվաստանյութերից որն է առավել արդյունավետ «Օմիկրոնի» նկատմամբ: Գործակալության տնօրեն Էմեր Կուկը նշել է, որ մի բան, սակայն, հստակ է՝ պատվաստված լինելը նվազեցնում է նոր հիմնամանրէի հետևանքով առաջացող բարդությունների առաջացման հավանականությունը: