Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ: Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Էմանուել Մակրոնին ծննդյան օրվա կապակցությամբ: Նախագահներն անդրադարձել են նաև ԼՂ կարգավորման հարցին: Պուտինն ու Մակրոնը գոհունակություն են հայտնել իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ ներդրվող ջանքերի կապակցությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում արձանագրվել է, որ Մոսկվան և Փարիզը համագործակցում են այդ հարցերի շուրջ և շարունակելու են նաև ապագայում:
*****
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում: Նա վերլուծել և ամփոփել է Զինված ուժերի 2021 թվականի գործունեության արդյունքները, սահմանել հաջորդ տարվա խնդիրները, ինչպես նաև բանակի հետագա զարգացման առաջնահերթությունները: Պուտինի խոսքով՝ շարունակվում են բանակի արդիականացմանն ուղղված քայլերը: Ռուսաստանի առաջնորդը բարձր է գնահատել տարբեր տարածաշրջաններում ռուսական բանակի ներգրավվածության արդյունավետությունը՝ մասնավորապես Սիրիայում և Լեռնայի Ղարաբաղում: «Ռուսաստանի խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը»,- ընդգծել է Պուտինը: Նա նշել է, որ խաղաղապահներն իրականացրել են տարածքների ականազերծում, նրանց ջանքերի շնորհիվ վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները, պահպանվել պատմամշակութային հուշարձանները: Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաջադրանքներ կատարող անձնակազմին՝ պրոֆեսիոնալիզմի և տոկունության համար: Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև վերջին ամիսներին Եվրոպայում ստեղծված ծանր իրավիճակին։ Նրա խոսքով՝ իրավիճակի վատթարացման պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ը, որը դուրս է գալիս տարբեր համաձայնագրերից։ «ԱՄՆ-ն հավատարիմ է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, երբ դա իրեն ձեռնտու է, բայց երբ դա չի համապատասխանում իր շահերին, անմիջապես մոռացության է մատնում և մանիպուլյացիաների դիմում»,-մհայտարարել է Պուտին: Նա ընդգծել է, որ Մոսկվան հոգնել է դրանից: Դաշնության նախագահի խոսքով՝ Ռուսաստանին անհանգստացնում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի կուտակումը երկրի սահմանների մոտ, ինչպես նաև լայնածավալ զորավարժությունների անցկացումը, այդ թվում՝ չպլանավորված:
*****
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանն այս շաբաթ կայցելի Բաքու: Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն: Այցի նպատակն է քննարկել առևտրի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ այցի ընթացքում անդրադարձ է լինելու նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին շրջանում առկա լարվածությանը: