ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 30-ամյա կնոջ կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 63-ամյա բնակչուհին 13500 ԱՄՆ դոլարով վաճառել է իր բնակարանը և այդ գումարը հայաստանյան բանկերից մեկում ձևակերպել ավանդ։ Վերջինս իր 30-ամյա բարեկամուհուն լիազորել է տիրապետել ավանդը՝ իրեն ՌԴ ուղարկելու նպատակով։ 2019 թ. հունիսից մինչև 2020 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում 30-ամյա բարեկամուհին մաս-մաս կանխիկացրել և յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված` առանձնապես խոշոր չափերով` 6.461.307 դրամին համարժեք 13.500 ԱՄՆ դոլարը և ծախսել անձնական կարիքների համար։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: