Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ցեմենտի ներմուծման արգելքը երկարաձգել ևս 6 ամսով: Դեռ այս տարեսկզբին կառավարությունը որոշել էր 2 ամսով սահմանափակել ցեմենտի ներմուծումը, որից ամիսներ անց որոշվեց 6 ամսով երկարաձգել արգելքը: Նպատակը տեղական արտադրության խթանումն է:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն - Իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար:
2019-ին Հայաստան է ներմուծվել մոտ 310 հազար (309 հազար 903.9) տոննա ցեմենտ, իսկ 2020-ին՝ ավելի քան 230 հազար (729.9) տոննա: Այս տարվա առաջին կիսամյակում ներմուծվել է ավելի քան 73 հազար (414) տոննա: Պետությունը հնարավորություն է ստեղծում արտադրողի համար, իսկ գործարարը, ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի, պետք է առիթից չօգտվի և մրցունակ արտադրանք ստեղծի:
Սերգեյ Բագրատյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Սա հենց այն ժամանակահատվածն է, որի ընթացքում նոր տեխնոլոգիաների միջոցով մեր արտադրողը պիտի աստիճանաբար կարողանա մրցակցել դրսից ներկրվող նմանատիպ ապրանքի՝ ցեմենտի հետ այն իմաստով, որ երկար ժամանակ դու չես կարող այդ ռեժիմները կիրառելու պատճառով, արդյունքում ստանալ արտադրողի հնարավորություն, այլ պետք է մենք կարողանանք նաև ներկրման հնարավորություն տալ: Այսինքն՝ սա ժամանակավոր ռեժիմ է:
Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է ավելի քան 700 (701.8) հազար տոննա ցեմենտ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ մոտ 610 (609.5) հազար տոննա, աճն ավելի քան 15 (15.1) տոկոս է:
Սոս Խաչիկյան, տնտեսագետ - Ցեմենտի նշանակությունը, որպես արտադրատեսակ, բարձր չէ, բայց քանի որ նա շինարարության մեջ շատ կարևոր նյութ է, իսկ շինարարությունը Հայաստանում բավականին մեծ տեսակարար կշիռ է կազմում, այդ առումով, կարծում եմ, կարևոր է այդ արտոնությունը մեր արտադրողների համար պահելը:
Հայաստանում ցեմենտ արտադրողները պետք է վերանայեն իրենց հնարավորությունները, որ ինքնարժեքը նվազեցվի և հնարավորություն լինի նաև նախկինի պես արտահանել Վրաստան: Բագրատյանը կարծում է, որ կառավարությունն էլ, իր հերթի,ն այս նպատակի համար պատրաստ է օժանդակել տեղական արտադրողին:
Սերգեյ Բագրատյան - Որպեսզի ինքն այլևս մրցունակ լինի և այս արգելքներով չմրցակցի, որովհետև, պատկերացրեք, եթե երրորդ երկրներից լոգիստիկ այս մեծ ծախսերն անելուց հետո մեր արտադրողը մրցունակ չի, ուրեմն մենք ինչ-որ բան սխալ ենք անում:
Ցեմենտի արտադրության խթանումը նշանակում է, որ Հայաստանը հնարավորության դեպքում փորձում է ազատվել ներմուծումից՝ առաջնահերթություն տալով տեղականին: Ըստ տնտեսագետների՝ ցանկալի կլիներ, որ ներքին արտադրության խրախուսմանը զուգահեռ նաև որոշակի պահանջներ լինեին հենց բիզնեսի համար:
Սոս Խաչիկյան - Որպեսզի նրանք այդ միջակայքում ստացած լրացուցիչ շահույթը կամ եկամուտը օգտագործեին տեխնոլոգիապես նորացվելու, օգտագործեին իրենց մրցակցային դիրքը բարելավելու և, բնականաբար, Հայաստանը միջազգային տնտեսական հարաբերություններում ավելի մրցունակ ներկայացնելու շրջանակում:
Վերջին շրջանում կառավարությունը ներմուծման և արտահանման տարբեր սահմանափակումներով տեղական արտադրողներին մրցունակ դառնալու հնարավորություն է ստեղծել. այս պահին նմանատիպ ևս մի քանի նախագիծ քննարկման փուլում է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան