ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստան այցելությունների թվով Ֆրանսիան բացարձակ առաջատար է, ինչի հիմքում են երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական հարաբերությունները և քաղաքական սերտ փոխգործակցությունը:
Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Վալերի Պեկրեսին նրա գլխավորած Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ ընդունած բանաձևի, ինչպես նաև՝ պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության կարիքներին ուղղված 75 հազար եվրո օգնություն հատկացնելու համար:
Զրուցակիցները նշել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վալերի Պեկրեսը կարևորել է Հայաստանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ երկու երկրները նույնական համամարդկային արժեքների կրողն են և Հայաստանին վերաբերող խնդիրները չեն կարող անտարբեր թողնել Ֆրանսիային:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հետպատերազմյան Արցախում տիրող իրավիճակին, չլուծված հումանիտար խնդիրներին և մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերի:
Այս համատեքստում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայերի հայրենադարձման առաջնահերթությունները: Վալերի Պեկրեսը կարևորել է միջազգային հանրության դերը հակամարտության հանգուցալուծման գործընթացում: