Արդեն ավելի քան մեկ տարի է՝ ռուս խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեծ մասամբ նրանց ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում բարելավվել է հումանիտար իրավիճակը, իրականացվել է մի շարք շրջանների տարածքի ականազերծում, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները, պահպանվել են պատմական և մշակութային հուշարձանները»,- նշել է ՌԴ նախագահը:
Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ խնդիրներ կատարող անձնակազմին պրոֆեսիոնալիզմի, ամրության և տոկունության համար:
«Բարդ պայմաններում լարված աշխատանքի, քաղաքացիական բնակչությանը մեծ օգնություն ցուցաբերելու համար ամենալավ խոսքերին են արժանի ռազմական բժիշկները. ավելի քան 30,5 հազար մարդ բուժվել է պաշտպանության նախարարության բուժհաստատություններում, իսկ նրանց գրեթե կեսը՝ քաղաքացիական անձինք»,- հավելել է Ռուսաստանի նախագահը: