Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում դեկտեմբերի 21-ին մեկնարկում է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով հերթական միջազգային հանդիպումը, փոխանցում են ղազախական լրատվամիջոցները:
Երկօրյա բանակցություններին կմասնակցեն Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա), Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունները: Որպես դիտորդ հրավիրված են ՄԱԿ-ի, Իրաքի, Հորդանանի և Լիբանանի ներկայացուցիչներ։
Կողմերը կքննարկեն Ժնևում Սահմանադրական կոմիտեի աշխատանքի հեռանկարները, Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ապաէսկալացիայի գոտիներում հանգստության պահպանման խնդիրները: Անդրադարձ կկատարվի ահաբեկչական խմբավորումներին հակազդեցությանը, Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար պայմանների ստեղծմանը, երկրին մարդասիրական օգնության ցուցաբերմանը, սիրիացի փախստականների վերադարձի, գերիների փոխանակման և անհետ կորածների որոնման աշխատանքներին:
Համաճարակաբանական սահմանափակումների պատճառով Ղազախստանի մայրաքաղաքում ավանդական լիագումար նիստը տեղի չի ունենա։ Հանդիպման արդյունքներով նախատեսվում է ամփոփիչ հայտարարության ընդունում։