Մոսկվան որևէ դեպքում թույլ չի տա Ուկրաինայում և Վրաստանում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի տեղակայում: Այս մասին հայտարարել է Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ եթե կառույցը փորձի նման քայլի գնալ, «Ռուսաստանի պատասխանը բոլորովին այլ կլինի»:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Մոսկվան ՆԱՏՕ-ից պահանջում է հետ կանչել Վրաստանի և Ուկրաինայի՝ ապագայում կազմակերպության կազմում ընդգրկվելու որոշումը:
Օրերս ՌԴ արտգործնախարարությունն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին առաջարկել էր անվտանգության երաշխիքների մասին պայմանագրեր ստորագրել, որոնց համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է պարտավորվեն բացառել կառույցի հետագա ընդլայնումը, այդ թվում՝ Ուկրաինայի, ինչպես նաև հետխորհրդային այլ պետությունների հաշվին։