Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկները հաշվի չեն առնում Վաշինգտոնին հուզող հարցերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն անդրադարձել է այն հարցերին, որոնք հուզում են Մոսկվային, իսկ «ԱՄՆ-ը մտահոգվելու իր պատճառներն ունի»։
«Ցանկացած երկխոսություն և դիվանագիտություն պետք է հիմնված լինեն փոխադարձության սկզբունքների վրա։ Դրանք պետք է անդրադառնան ռուսական գործունեության վերաբերյալ մեր մտահոգություններին»,- հավելել է Փրայսը։
Նախորդ շաբաթ ՌԴ արտգործնախարարությունն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին առաջարկել էր անվտանգության երաշխիքների մասին պայմանագրեր ստորագրել: Ըստ ԱՄՆ-ին առաջարկվող փաստաթղթի՝ Վաշինգտոնը պետք է պարտավորվի բացառել ՆԱՏՕ-ի ընդլայնումն արևելյան ուղղությամբ, ինչպես նաև նախկին հետխորհրդային երկրների անդամակցությունը կառույցին, ռազմական բազաներ չտեղակայի նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքում (որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն), չօգտագործի նրանց ենթակառուցվածքները ցանկացած ռազմական գործունեություն ծավալելու համար, ինչպես նաև նրանց հետ չզարգացնի երկկողմ ռազմական համագործակցություն: