Բրիտանական հեղինակավոր «The Guardian» թերթի վերլուծական հոդվածում ներկայացվել են Թուրքիայի քաղաքացիների տրամադրությունները երկրում տիրող տնտեսական ճգնաժամի պայմաններում։
Ըստ լրատվամիջոցի՝ թուրքական լիրայի արժեզրկման և մեծացող գնաճի պատճառով այդ երկրի քաղաքացիները պայքարում են գոյատևելու համար։
The Guardian-ի թղթակիցը Ստամբուլի փողոցներում զրուցել է պատահական անցորդների հետ և պարզել, որ քաղաքացիները դժգոհ են թանկացումներից և դժվարությամբ են գոյատևում։ «Աշխատանք կա, սակայն գումար չկա»,- նշել է մի քաղաքացի՝ ասելով, որ բնակարանի վարձը մուծել չկարողանալու պատճառով տեղափոխվել է ծնողների մոտ։
Հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ «Թուրքիայի ընտրողների համար աստիճանաբար անընդունելի են դառնում տնտեսական առաջընթացի մասին կառավարության խոստումները: Նա չի բացառել, որ դա իր ազդեցությունը կունենա 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա»:
Թուրքական արժույթը, դեկտեմբերի 20-ի տվյալներով, շարունակում է արժեզրկվել: Այն էժանացել է ևս 6%-ով՝ հասնելով մինչև 17,38 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց:
Հինգշաբթի Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 15%-ից իջեցնել 14%-ի։ Թուրքական արժույթը, որը հունվարին վաճառվում էր մեկ դոլարի դիմաց 7,4 լիրա փոխարժեքով, տարվա ընթացքում էժանացել է ավելի քան 55%-ով, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում արժեզրկվել է 37%-ով։