Դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման միջոցառումների ծրագիրը՝ կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ։
Խորհրդակցությունը վարել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ և համայնքների ղեկավարներ։
Բացելով խորհրդակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի պատասխանատվությամբ մշակված համատեղ միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, համաձայն որի՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում ժամանակավորապես դադարեցվում է արդյունագործական ձկնորսությունը։ Համաձայն ներկայացված ծրագրի՝ նախատեսվում է Սևանա լճից և «Սևան» ազգային պարկի տարածքից որսագործիքների, լողամիջոցների և ժամանակավոր կացարանների դուրսբերում, Սևանա լիճը գոտևորող անտառային ճանապարհներին խիստ վերահսկողության սահմանում, մարզից դուրս եկող ճանապարհների ելքերի մոտ հսկիչ կետերի տեղակայում, «Սևան ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահության սահմանում, Երևանի և մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար ստուգայցերի կազմակերպում, հանրապետական ու տեղական ԶԼՄ-ներով իրականացվող միջոցառումների լուսաբանում։
«Առաջին հերթին պետք է լայն բացատրական աշխատանք տանել ձկնորսների շրջանում, համատեղ ուժերով հասնել նրան, որ արդյունագործական ձկնորսության դադարեցման ժամանակահատվածում բացառվեն ձկնորսության դեպքերը։ Մենք հաճախակի կունենանք համատեղ շրջայցեր ինչպես լճի վրա, այնպես էլ հսկիչ կետերում, Սևանա լիճ տանող ճանապարհներին։ Կարծում եմ, որ այս գործում մեզ կաջակցեն արդյունագործական ձկնորսությամբ զբաղվող համայնքների ղեկավարները, իսկ ձկնորսությամբ զբաղվողներն ըմբռնումով կմոտենան խնդրին և խստիվ կպահպանեն սահմանված կարգը»,- նշել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։