Դրսում դիմակ դնելը պարտադիր չէ, պարտադիր է մնում ներսում՝ փակ տարածքներում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Էրեբունի վարչական շրջանում հերթական առևտրի կենտրոնի աշխատանքն է ստուգում: Նախ՝ ախտահանիչ միջոցների առկայությունը, պարունակությունը:
Մանուել Մելիքյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետի տեղակալ - Լինի վաճառասրահում, լինի դրամարկղում պարտադիր պետք է ունենան ալկոգելեր կամ սպիրտային լուծույթներ ախտահանման համար:
Ստուգայցին հետևող ՍԱՏՄ տեսուչները արձանագրում են՝ վերջին շրջանում հակահամաճարակային կանոնները ավելի լավ են պահպանում թե՛ տնտեսվարողները, թե՛ հաճախորդները:
Ջերմաչափման պարտադիր պահանջը թեև չի գործում, տնտեսվարողը շարունակում է հակահամաճարակային միջոցառումը՝ առավոտյան, երեկոյան: Պատվաստման վերջին թվերն է ներկայացնում տնօրեն Ավագյանը:
Գարիկ Ավագայն, սուպերմարկետի տնօրեն - 32-ը պատվաստված են, մեկը նոր աշխատակից է, շուտով կպատվաստվի: Այդ ժամանակ կլինենք 100 տոկոսով պատվաստված:
Ուժեղացված ստուգայցի արդյունքում տնտեսվարողի մոտ ՍԱՏՄ տեսուչները հակահամաճարակային կանոնների խախտումներ չեն արձանագրում, բայց չի նշանակում, որ չկան այլ վայրերում՝ նշում է տեսչականի Երևանի կենտրոնի պետի տեղակալը. վերջին մի քանի ամսում իրականացվել է 1650 ստուգայց, կազմվել 212 արձանագրություն: