Ռուսաստանը ԱՄՆ-ից դեռ պատասխան չի ստացել Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է ТАСС-ը։
«Դեռ վաղ է գնահատական տալ։ Խոսքեր, իհարկե, լսել ենք, բայց ամենից շատ՝ տարբեր աղբյուրների հղումով: Առարկայական պատասխան դեռևս չկա»,- հավելել է պաշտոնյան։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Մոսկվան ԱՄՆ-ից պահանջում է հրատապ պատասխանել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին, քանի որ իրավիճակը կարող է վատթարանալ։ Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ը կձգձգի հարցի քննարկումը և «կփորձի այս ամենին դանդաղ ընթացք տալ»։
Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի մասին։ Փաստաթղթերում կոչ է արվում Մոսկվային թշնամի չդիտարկել, ռազմական էսկալացիայի սպառնալիքներ չստեղծել և հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից: Ռուսաստանը դաշինքի անդամ երկրներին առաջարկել է նաև Ուկրաինային չընդգրկել կազմակերպության կազմում։