ՀՀ պաշտպանության նախարարությունը պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ է նախատեսում անցկացնել:
Կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։
Որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է 2022 թ. հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական, և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:
Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց:
Նախատեսվում է սահմանել, որ վարժական հավաքների անցկացման ժամանակահատվածում ներգրավված համապատասխան տրանսպորտային միջոցը ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի կողմից կարող է փոխարինվել նույն տեսակի այլ տրանսպորտային միջոցով՝ համաձայնեցնելով տրանսպորտային միջոցը ներգրաված մարմնի հետ: