«270 մլն դոլար ներդնում, 254 մեգավատտ հզորություն և նորագույն սարքավորումներ». Երևանում կառուցած և շահագործման հանձնած նոր Ջերմային էլեկտրակայանի արտադրանքն ամենամատչելին է մեր երկրում գործող ՋԷԿ-երի շարքում: Այն որպես վառելիք օգտագործում է Հայաստան ներկրվող իրանական գազը: Ի սկզբանե նոր ՋԷԿ-ի արտադրանքը նախատեսված է եղել արտահանման համար: Մասամբ դա տեղի կունենա, սակայն կառույցը էլեկտրաէներգիա է արտադրելու նաև ներքին սպառման համար:
Հակոբ Վարդանյան, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ - Գալիս է փոխարինելու Հրազդան ՋԷԿ-ի հին էներգաբլոկներին, որոնք վերջին տարիներին որպես ռեզերվային են գործել: Սակայն քանի որ մենք ունենք արտահանելու հնարավորություն, իր ամբողջ ծավալով կաշխատի և կարտահանվի, կունենանք ավելի մրցունակ էլեկտրաէներգիա: Օրինակ՝ Հրազդան ՋԵԿ-ի արտադրանքը մրցունակ չէ:
Հրազդան ՋԷԿ-ի արտադրանքը թանկ է առաջին հերթին հին սարքավորումների պատճառով: Կառույցի բլոկներն արդեն պետք է հանված լինեին շահագործումից, սակայն, այս պահին դեռ երեք էներգաբլոկ շարունակում է աշխատել: Ինչ վերաբերում է Երևանի նոր ՋԷԿ-ին, այն հագեցած է Հայաստանի էներգետիկ ոլորտի ամենաարդի տեխնոլոգիաներով: 2020 թվականին էներգետիկ համակարգի ընդհանուր հզորությունը եղել է 1434 մեգավատտ: Այսպիսով՝ նոր ՋԷԿ-ը կարող է ապահովել երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 18 տոկոսը:
Հայաստանի էներգետիկ համակարգը բաղկացած է չորս հիմնական ճյուղից՝ ատոմային, ջերմային, հիդրո- և արևային էներգետիկա: Առաջին երեք ուղղություններն ընդհանուր արտադրանքի ծավալում ունեն մոտավոր նույն մասնաբաժինը՝ համապատասխանաբար, 30, 35, 33%: Արևային կայաններից Հայաստանում գոյանում է էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 2 տոկոսը: Նման ճյուղավորումը բնորոշ է տարածաշրջանի ոչ բոլոր պետություններին և կարևոր գործոն է էներգետիկ անվտանգության ապահովման առումով՝ ընդգծում է ՄԱԿ-ի Էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը:
Արա Մարջանյան, ՄԱԿ-ի Էներգետիկայի գծով ազգային փորձագետ - Այս առումով Հայաստանը տարածաշրջանում բացառիկ երկիր է: Մենք իրոք ունենք գեներացնող հզորությունների հարմոնիկ, ներդաշնակ եռակազմ համակարգ: Եվ ահա այս հարմոնիկ բաղադրությունն է, որն ընդհանուր առմամբ երաշխավորում է Հայաստանի էներգետիկ համակարգի մեծ կայունությունը:
Հայաստանում արտադրվող էներգիայի ծավալների վրա տեսանելի ազդեցություն կունենա նաև Մեծամորի ատոմակայանի արդիականացումը և վերագործարկումը: Աշխատանքների զգալի մասն ավարտին է հասցվել, և ամիսներ տևած դադարից հետո երկրի համար կարևոր այս կառույցը կրկին սկսել է էլեկտրաէներգիա գեներացնել: Ատոմակայանը կանգնեցվել էր մայիսի 15-ին, վերագործարկվել՝ հոկտեմբերին: Զուգահեռ՝ Հայաստանի իշխանությունները հայտարարել էն նոր էներգաբլոկ կառուցելու համար գործնական քայլերի ձեռնարկման մասին: Այն պետք է պատրաստ լինի գործող ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտին: Նախնական, դա կարող է լինել 2036 թվականին:
Հակոբ Վարդանյան - Աշխարհում արտադրվող, առաջարկվող ատոմային բլոկները բավականին մեծ են՝ 1000-1200 Մվտ, ինչը խնդրահարույց է մեզ համար: Մեր համակարգն այս պահի դրությամբ մեկ բլոկով չի կարող ընդունել: Սակայն մենք բանակցում ենք այլ հզորության ատոմակայանի կառուցման հնարավորությունների մասին:
Նախնական նշվել է, որ ատոմակայանի հզորությունը կարող է կազմել 450-500 մեգավատտ: Ատոմային էներգիան շարունակում է մնալ աշխարհում արտադրվող առավել մատչելի տեսակը: Եթե Հայաստանի ջերմակայանների աշխատանքի հիմքում բնական գազն է, այս պարագայում միջուկային վառելիքն է, որի միջազգային գները զգալի չեն բարձրանում:
Անկախության 30 տարիներին Հայաստանին հաջողվել է գրեթե ամբողջությամբ օգտագործել ջրային ռեսուրսների ներուժն էլեկտրաէներգիայի արտադրության գործում: Ազդարարված խոշոր նախագծերից թղթի վրա է մնում Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը:
Այլ պատկեր է արևային էներգետիկայի ոլորտում: Ամեն տարի այս ուղղության ծավալն ավելանում է մի քանի տասնյակ տոկոսով: Մինչև 2030 թվականը արևային էներգետիկայի ծավալային հզորությունը պետք է հասնի 1000 մեգավատտի՝ ներկայիս մոտ 30-ի փոխարեն:
Այս պահի դրությամբ ազդարարվել է երկու խոշոր կայանի կառուցման մասին: Դրանցից առաջինը Մասրիկն է՝ 55 մեգավատտ հզորությամբ: Այն պետք է շահագործման հանձնվի գալիք տարվա ամռանը: Երկրորդը 200 մեգավատտանոց «Մասդար» կայանն է: Իրագործվելու պարագայում այն կդառնա մեր երկրում ամենահզոր կառույցը, որն էներգիա է արտադրում արևի շողերի հաշվին:
Հակոբ Վարդանյան - Պայմանագիրն ստորագրելուց հետո 18 ամիս ժամանակ ենք տվել, որպեսզի ֆինանսական ամփոփման փաստաթղթերը ներկայացվի կառավարություն: Ինչից հետո ևս 2-2,5 տարի կտևի շինարարությունը: Այսինքն՝ մոտ 3,5-4 տարի հետո մենք կունենանք այդ կայանը:
Իրագործված, ինչպես նաև ազդարարված նախագծերը պետք է փոխեն Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքը: Զարգացման ընդհանուր ուղղվածությունը համապատասխանում է ներկայիս միջազգային միտումներին՝ նկատում է Արա Մարջանյանը:
Արա Մարջանյան - Միջազգային զարգացումների տեսանկյունից ամենաընդգծված միտումը անցումն է կանաչ էներգետիկայի, որը նվազագույնի կհասցնի ջերմոցային արտադրության արտաներտումը:
Նոր ծավալները Հայաստանին նաև պետք է թույլ տան ավելացնել էներգիայի արտահանումը: Ներկայումս Հայաստանից՝ հիմնականում բարտերային տարբերակով, էլեկտրաէներգիա է արտահանվում Իրան և Վրաստան: