Հայրենասեր, մարտական, տրամադրված: Մարտական տրամադրված էլ բանակ են գնում: Ոչինչ չի ընկճել նրանց, չի կոտրել ոգին, չի սասանել հայրենիքին ծառայելու նրանց կամքը: Սահմաններն անառիկ պահելն իրենց պարտքն են համարում, իսկ ճանապարհելու եկածներին ասում.
Գոռ Վարդանյան (նորակոչիկ) - Անհանգստացնող ոչ մի բան չկա:
Այս նորակոչիկների համար ձմեռային զորակոչը մեկնարկեց հոգևոր մայրաքաղաքից և հոգևորականի օրհնությամբ: Խոստացան պատվով կրել Հայրենիքի պաշտպանի վեհ անունն ու պատասխանատվությամբ կատարել իրենց առջև դրված մարտական առաջադրանքները:
Դավիթ Գեղամյան (նորակոչիկ) - Հրամանատարների հրամանները պետք է կատարել, սա մեր երդումն է՝ կարելի է ասել, որից հետո դառնում ենք մեր ազգի զինվորը:
Մինչև ավտոբուս բարձրանալը ոմանք լրացուցիչ բժշկական հետազոտություն անցան: Առողջական խնդիրներ ունեցողներին հետ ուղարկեցին մինչև հաջորդ զորակոչը բուժվելու համար: Իսկ հոգեբանորեն բոլորն էին պատրաստ:
Գագիկ Խաչատրյան (Զորակոչային, զորահավաքային ծառայության Արմավիրի մարզային ստորաբաժանման ղեկավար) - Իրենց հետ զրույցներ է անցկացվում, լրացվում անհատական գրքույկներոմ: Ովքեր զորակոչվում են՝ պատարստ են: Աշխատանքներ տարվում են՝ հոգեբանորեն, ծառայության նկատմամբ վախի փաստեր չունենք:
Խաչատրյանների ընտանիքը Հայաստան է վերադարձել առաջնեկին բանակ ճանապարհելու համար: Ընտանիքը տղային պատրաստել է ծառայությանը, միայն թե սահմանները խաղաղ լինեն, որ սպասումը ծանր չընթանա: Մոր պատգամը որդուն կարճ, բայց հստակ է:
Մելինե Խաչատրյան (ծնող) - Շատ ուշադիր լինի, ենթարկվի կանոններին: Տղան պետք է ծառայի, դեմ չենք, միայն թե՝ խաղաղ երկնքի տակ:
Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել նաև մարզի ու համայնքի ղեկավարները: Տղաներին պատվով ծառայելու և առաջնագիծն անառիկ պահելու կոչ արեցին:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Ձեր երկիրն ունի ձեր կարիքը, ունի ամուր, հպարտ, քաջ զինվորի կարիքը:
Զինվորների մայրերին կոչով դիմեց «Վաղարշապատ» խոշորացված համայնքի ղեկավարը:
Դիանա Գասպարյան (Վաղարշապատ համայնքի ղեկավար) - Ես գիտեմ՝ ինչ սիտով եք ճանապարհում, ցանակնում եմ՝ ձեր մայրական ոգին ուժ տա բոլորին, ուժ տա ձեր զավակներին, և ցանկանում եմ՝ արցունք չհոսի ձեր աչքերից. ինչ ոգով ճանապարհում ենք, այդ ոգին կուղեկցի նրանց 2 տարում:
Բաժանումը փոքր-ինչ տխուր էր, բայց սպասումով լի: Հավաքվածները նորակոչիկներին ճանապարհ դրեցին ծափերով և ուրախ բացականչություններով: