ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որում ասվում էր, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներս:
«Ուղիղ շփումների նպատակով Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել, նրանք կհանդիպեն հնարավոր ամենաշուտ ժամանակում»,- ասել էր Չավուշօղլուն:
Անդրադառնալով Ստամբուլ-Երևան չվերթերի վերսկսման հարցին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել էր, որ թույլտվության համար հայկական ու թուրքական մի քանի ընկերություն է դիմել, և «հայտերն ուսումնասիրվում են»:
«Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վահան Հունանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել:
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: