Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակնում անցկացրել են դիպուկահարների համատեղ վարժանքներ։ Այս մասին հայտնում է Կիպրոսի պաշտպանության նախարարությունը: Համատեղ վարժանքների նպատակն էր բարձրացնել մարտունակությունը առաքելությունների կազմակերպման, պլանավորման և իրականացման գործում։
*****
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 21-23-ը կայցելի Հայաստան՝ երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ հանդիպելու և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը քննարկելու համար։ Նախատեսված է հանդիպում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զասը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2021 թվականի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման և Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման գործողությունների ծրագրի նախագիծը:
*****
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Մալայզիայի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բարձրացնելու համար: «Ուղիղ շփումների նպատակով Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել, նրանք կհանդիպեն հնարավոր ամենաշուտ ժամանակում»,- նշել է նա:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը, անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի բանագնացների հանդիպման մասին լուրերին՝ հայտարարել է, որ բանակցությունների մեկնարկի ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։
*****
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու որոշումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։ «Գործընթացը պետք է օգնի ձևավորել ավելի կայուն և զարգացած տարածաշրջան»,- նշել է նա:
*****
Միացյալ Նահանգները ողջունում է անցած շաբաթ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններից հետո 10 հայ զինծառայողների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Կոչ ենք անում ամբողջությամբ և անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին, փոխանակել աճյունները և շարունակել անհետ կորածների որոնումները։ Ընդգծում ենք պահվող անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքի կարևորությունը՝ միջազգային պարտավորությունների համապատասխան»,- գրել է Պետքարտուղարության խոսնակը։
*****
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անարդար է որակել այն, որ Եվրամիությունը նախատեսում է Հայաստանին 2,6 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրել, մինչդեռ Ադրբեջանին տրամադրվող օգնության ծավալը 20 անգամ քիչ է և կազում է ընդամենը 140 միլիոն եվրո։ Ալիևը ցանկություն է հայտնել, որ Եվրոպայի «մոտեցումը հիմնված լինի ընդհանուր չափանիշների վրա»․ «Մենք ուզում ենք, որ Ադրբեջանին միջոցներ տրամադրվեն նույն պայմաններով և նույն ծավալով»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
*****
Իրանական ընկերությունները փոխում են դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների երթուղին՝ Ադրբեջանի տարածքով ցամաքային ճանապարհի փոխարեն նախընտրելով Կասպից ծովով անցնող ծովային ճանապարհը: Հայտարարել է Իրանի գյուղատնտեսական միության ղեկավար Սեյեդ Ռեզա Նուրանին։ Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել Իրան-Ադրբեջան սահմանին ադրբեջանական մաքսատան դանդաղ աշխատանքի պատճառով: Նա հավելել է, որ նոր երթուղին էապես կկրճատի բեռների փոխադրման ժամանակը: Իրանական կողմը նախկինում ևս պարբերաբար բարձրաձայնել է իրանցի բեռնափոխադրողների համար Աստարայի մաքսատանն առաջացող խնդիրների վերաբերյալ:
*****
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը հրապարակել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և «Սուլթան Մուրադ» իսլամիստ վարձկանների ջոկատի հրամանատար Ֆահիմ Իսայի համատեղ լուսանկարը։ Սոյլուն այցելել է Սիրիայի Ալ Ռայ քաղաք` թուրքամետ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածք։ Լրագողը հիշեցրել է, որ «Սուլթան Մուրադը» վարձկաններ է ուղարկել Արցախ և Լիբիա։ «Միացյալ Նահանգները Թուրքիային ներառել է անչափահաս զինյալներ տեղափոխող և տեղակայող երկրների ցուցակում»,- գրել է Սնելը: