Հայաստանի 500 քաղաքացի ներկայումս միջազգային հետախուզման մեջ է: Միջազգային հետախուզում հայտարարվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց նկատմամբ՝ 5 տարի ժամկետով: Թե ինչ արարքների համար են հետախուզվում նշված 500 անձինք՝ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը չի մասնավորեցնում: Ընդգծում է՝ ընթացիկ տարում հարյուրավոր հետախուզվողներ են հայտնաբերվել:
Նարինե Հակոբյան (Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ) - Միայն 2021 թվականի 11 ամիսների ընթացքում Ինտերպոլի ուղիներով մի շարք անդամ երկրների մեր գործընկերների միջոցով ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել հայտնաբերել շուրջ 160 հետախուզվողների, որոնցից 58-ը արդեն իսկ ձերբակալվել են, իսկ 19 անձ ենթարկվել է էքստրադիցիայի:
Հաճախ հետախուզվողների մեջ նաև քաղաքական գործիչներ են լինում: Հարցին՝ ե՞ղել են դեպքեր երբ Ինտերպոլը որևէ մեկի հետախուզումը համարի քաղաքական հետապնդում և հրաժարվի հետախուզում հայտարարել, կենտրոնական բյուրոյի պետը նշեց՝ Ինտերպոլին խստիվ արգելվում է զբաղվել քաղաքական, ռասսայական, կրոնական և ռազմական բնույթի հանցագործություններով:
Նարինե Հակոբյան - Հետևաբար ցանկացած երկրի կողմից եթե ներկայացվում է միջազգային հետախուզում հայտարարելու հայցադիմում, Ինտերպոլի շրջանակներում կա հատուկ կառույց, որը ուսումնասիրում է ներկայացված հայցադիմումը, եթե այն համապատասխանում է Ինտերպոլի գործող կանոններին, նշված հետախուզումը հայտարարում է, եթե ոչ, հնարավոր է նշված հետախուզման չեղարկում կամ մերժում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից: Ցանկացած հայցադիմում կարող է ուսումնասիրվել:
Շատ են նաև դեպքերը, երբ միջազգային հետախուզման մեջ գտնվող կազմակերպության անդամ երկրների կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք հայտնաբերվում են Հայաստանի տարածքում:
Նարինե Հակոբյան - Միայն 2021 թվականի 11 ամսիների ընթացքում մենք հայտնաբերել ենք մոտավորապես 79 հետախուզվողներ, որոնք միջազգային հետախուզման մեջ էին գտնվում կազմակերպության անդամների կողմից, որոնցից 39-ը արդեն իսկ ձերբակալվել են ՀՀ տարածքում և հնարավոր է եղել իրականացնել նրանցից 4-ի Էքստրադիցիան համապատասխան երկրներ»:
Ի դեպ, շաբաթներ առաջ Թուրքիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը: Նարինե Հակոբյանը, որը նույնպես պատվիրակության կազմում էր, նշեց, որ շուրջ 30 հանդիպում են ունեցել կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան