«ՏաԹևեր» ճոպանուղին՝ ոչ միայն Գինեսի ռեկորդակիր: Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխությանը այն հաղթող է ճանաչվել «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Մեր երկիրը նաև «Աշխարհի առաջատար ժառանգության վայր» անվանակարգի հաղթողն է: Հայաստանը World Travel Awards-ում ընդգրկվել է առաջին անգամ:
Անի Դավթյան («ՏաԹևեր» ճոոպանուղու մարկետինգի և հաղորդակցության ղեկավար) - Սա շատ կարևոր է մեզ համար: Նույն ճոպանուղու, այսպես ասած, մրցակիցները եղել են միջազգային մակարդակի այնպիսի ճոպանուղիներ, ինչպիսիք են ԱՄՆ-ում «Սկայ լայները», «Դիսնեյ» ճոպանուղին, Կանադայում «Փիք թու փիքը», այսինքն՝ իսկապես շատ լուրջ մրցակիցներ ենք ունեցել: Հայաստանի մրցակիցներն են եղել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունաստանը, Եգիպտոսը, Ճապոնիան:
Մրցույթի արդյունքերն ամփոփվել են հանրության օնլայն քվեարկության և ոլորտի մասնագետների ուսումնասիրությունների ու քվեների համադրմամբ:
Անի Դավթյան - Կարևոր փաստ էր և այն, որ Տաթևի ճոպանուղին նաև սոցիալական նախաձեռնություն է, այս 11 տարվա ընթացքում Տաթևի ճոպանուղու շնորհիվ է նաև, որ 17 անգամ աճել է զբոսաշրջային հոսքը տարածաշրջան, որի արդյունքում այժմ Տաթևի շրջանի գյուղերում և Գորիս քաղաքում արդեն 110-ից ավելի հյուրատուն և հյուրանոց է գործում:
Գայանե Այվազյան (ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարկետինգի փորձագետ) - Նմանատիպ մրցույթներին հաղթանակ տանելը առաջին հերթին հնարավորություն է ստեղծում ևս մեկ անգամ խոսել Հայաստանի հարուստ ժառանգության մասին, նաև ներկայացնել Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային վայր, և, իհարկե, նման անվանակարգերը լայն հնարավորություն են ստեղծում նաև մարկետինգային տարբեր արշավների ժամանակ օգտագործել այդ հաղթանակը՝ խոսելու Հայաստանի գրավչությունների մասին և հնարավորինս լայն լսարաններ ներգրավելու:
Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով այս տարի Հայաստանում գործող Զբոսաշրջության և քաղաքաշինության հիմնադրամը համաձայնագիր էր կնքել World Travel Awards-ի հետ: Գործակցության շրջանակում մրցանակաբաշխության հիմնադիրն այցելել է Հայաստան, ծանոթացել տեսարժան վայրերին:
Ոլորտի պատասխանատուները վստահ են՝ շարունակական գործակցությունը և արձանագրված հաջողությունները կնպաստեն, որ Հայաստանը դիրքավորվի որպես առավել մրցունակ զբոսաշրջային երկիր։