Ձմռանը մեքենա տաքացնելու ձանձրալի ու ծախսատար պրոցեսն էլեկտրամոբիլների պարագայում չկա. էլեկտրական շարժիչները գործի ես գցում ու ճանապարհ ընկնում. վարորդները լավ կհասկանան: Կարենը բենզինային շարժիչով մեքենային հրաժեշտ է տվել դեռ 2017-ին, նստել էլեկտրամոբիլի ղեկին:
Կարեն Դերձյան, Plug.am ծրագրի ղեկավար - Ներկրման ժամանակ հասկացա, որ խնդիրներ ունենք և՛ ներկրման, և՛ լիցքավորման հետ: Այդ ժամանակ ընկերների հետ փորձեցինք որոշակի հետազոտություն անցկացնել և պարզել, թե որն է հիմնական խնդիրը, ու որոշեցինք հենց լիցքավորման ցանցի հետ կապված որոշակի գործունեություն ծավալել:
Միջազգային ծրագրով դրամաշնորհ ստացան ու հանրապետության տարածքում 25 լիցքավորման կայան տեղադրեցին՝ ստեղծելով լիցքավորման կայանների առաջին անվճար հանրային ցանցը: Հիմա էլեկտրական մեքենայով կարելի է գնալ Հայաստանի ցանկացած կետ և ճանապարհին չմնալ՝ ասում է Կարենը: Բացի էկոլոգիապես մաքուր տրանսպորտ լինելուց՝ էլեկտրամոբիլներն ունեն այլ բազմաթիվ առավելություններ, օրինակ՝ կանաչ մեքենաները Երևանում ազատված են կարմիր գծերում կայանելու վճարից:
Կարեն Դերձյան - Էլեկտրամոբիլների շահագործումը շատ շահավետ է, իրականում՝ մոտ 10 անգամ խնայողություն է ունենում էլեկտրամոբիլիստը՝ համեմատած նմանատիպ ներքին այրման շարժիչով մեքենաների հետ:
Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները, ԵԱՏՄ որոշման համաձայն, մինչև 2021-ի ավարտ ազատվել են մաքսատուրքից, 2019-ի երկրորդ կիսամյակից էլ Կառավարության որոշմամբ ազատվել են ԱԱՀ-ից՝ կրկին մինչև այս տարեվերջ: 2018-ից մինչև հիմա 5200-ից ավելի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց է ներկրվել Հայաստան և միայն 2021-ի ցուցանիշներն ավելի են, քան նախորդ բոլոր տարիներին է: Ներկրված տրանսպորտային միջոցներից մոտ 1300-ը էլեկտրամոբիլ է, տարվա սկզբին մեր երկրում 500-ից քիչ ավելի նման մեքենա կար: Կանաչ տրանսպորտի հանդեպ մարդկանց հետաքրքրությունը պահելու համար Կառավարությունը որոշել է երկարաձգել ԱԱՀ-ի արտոնությունը ևս 2 տարով:
Լուսինե Ավետիսյան, ՀՀ ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետ - Ներկայումս մինչև տարեվերջ գործում է նաև ԵԱՏՄ զրոյական մաքսատուրքի արտոնությունը, այս պահին դրա երկարաձգման հարցը գտնվում է քննարկման փուլում: Եվ դրանով իսկ այսօր առավել արդիական է 20 տոկոսից՝ ԱԱՀ-ից ազատման արտոնության սահմանումը:
Նման արտոնությունները կանաչ տրանսպորտի ավելացման կարևոր խթաններից են, սակայն պետությունն ունի նաև շահագրգռման այլ գործիքակազմ, այդ թվում՝ սեփական օրինակը ցույց տալով:
Լուսինե Ավետիսյան - Այս պահին էլ էլեկտրամոբիլների խթանման ծրագիր է իրականացվում Հայաստանում: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է և լիցքավորման կայանների, ինչպես նաև Կառավարության համար էլեկտրամոբիլների ձեռքբերումը:
ԱԱՀ-ի արտոնության երկարաձգումը դրական գործընթաց է՝ իր դիրքորոշումն է հայտնում էլեկտրամոբիլներ ներկրող, լիցքավորման կայաններ տեղադրող ընկերության տնօրենը, բայց ընդգծում է՝ որոշումները երբեմն ուշացած են լինում: Փոփոխությանը ադապտացվելու համար տնտեսվարողներին ժամանակ է անհրաժեշտ, որը կարող է մինչև 1 տարի տևել: Բացատրում է՝ 2019-ի արդյունքները տեսանելի եղան 2020-ի առաջին կեսին, նոյեմբերի որոշումը տեսանելի կլինի առնվազն 2022-ի մարտին:
Հայկ Շեկյան, Էներգետիկ համակարգերի ընկերության հիմնադիր տնօրեն - Մարդիկ, որոնք կուզեին ակտիվացնել շուկան կամ ակտիվ վաճառքի գործողություններ անել, արդեն այդ գործողությունները չեն անում, նրանք հիմա են սկսելու անել, այն էլ մի վերապահումով, որ մաքսատուրքի վերաբերյալ որոշումը դեռ չկա, այսինքն՝ անորոշության չափաբաժին դեռ մնացել է:
Նման որոշումներն անհրաժեշտ է կայացնել՝ հաշվի առնելով շուկայի նրբությունները՝ առաջարկում է Հայկը, վստահ է՝ ոլորտում լուրջ հաջողություններ գրանցելու համար պետք է խոր մտածված քաղաքականություն մշակել:
Հայկ Շեկյան - Այս պահին ես չեմ տեսնում այդ տեսլականը, որի առկայության պարագայում Ձեր ասած որոշումները՝ ԱԱՀ, մաքսատուրք և այլն, ավելի մեծ դրական ազդեցություն կունենան: Ցավս դա է, ոչ թե այն, որ այդ որոշումը եղել է, թե չի եղել: Ճիշտ որոշումների հաջորդականությունը շատ ավելի մեծ արդյունք կարող է տալ:
ԱԱՀ-ի արտոնության երկարաձգման օրենքի նախագիծն օրեր առաջ ընդունեց նաև Ազգային ժողովը: ԵԱՏՄ անդամ պետություններն այս պահին սպասում են միության որոշմանը՝ նոր արտոնություն կսահմանվի՞, թե՞ ոչ: