Դեկտեմբերի 21-23-ը տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն: Նա հանդիպելու է երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ և քննարկելու իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2021 թվականի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման և Հայաստանի նախագահության ընթացքում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման գործողությունների ծրագրի նախագիծը։
Սպասվում է, որ Ստանիսլավ Զասը կհանդիպի նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։