Դեկտեմբերի 19-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել: ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 78 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 43-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 30 379 քաղաքացու հետազոտություն, որից 4669-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ը, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին: