Միացյալ Նահանգները ողջունում է անցած շաբաթ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններից հետո 10 հայ զինծառայողների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Կոչ ենք անում ամբողջությամբ և անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին, փոխանակել աճյունները և շարունակել անհետ կորածների որոնումները։ Ընդգծում ենք պահվող անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքի կարևորությունը՝ միջազգային պարտավորությունների համապատասխան»,- գրել է Պետքարտուղարության խոսնակը։
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «3+3»-ԻՆ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն Իսլամաբադում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակում քննարկել քննարկել են Մոսկվայում «3+3» ձևաչափով համագործակցության առաջին հանդիպման արդյունքները, հետաքրքրություն հայտնել գործակցության այդ մեխանիզմի առաջխաղացման հարցում։ Մևլութ Չավուշօղլուն նաև հայտնել է, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի հաջորդ նիստը հավանաբար տեղի կունենա Թուրքիայում և Անկարան ակնկալում է Վրաստանի մասնակցությունը: Նախարարները, ի թիվս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, քննարկել են նաև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։
ԻԻՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԱՅՐԱՄՈՎԻ ԵՎ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ՀԵՏ
Նիստի շրջանակներում Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է ադրբեջանցի և թուրք գործընկերների հետ:
Աբդոլլահիանը և Բայրամովը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ Բայրամովն Աբդոլլահիանին նորից հրավիրել է Բաքու։ Պաշտոնյաները նաև գոհունակություն են հայտնել Աշգաբադում երկու երկրների նախագահների հանդիպման կապակցությամբ։ Աբդոլլահիանի և Չավուշօղլուի հանդիպման օրակարգում եղել են երկկողմ և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, ինչպես նաև Իրան Էրդողանի նախատեսվող այցը։
ԱԼԻԵՎԸ ԱՆԱՐԴԱՐ Է ՈՐԱԿԵԼ ԵՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անարդար է որակել այն, որ Եվրամիությունը նախատեսում է Հայաստանին 2,6 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրել, մինչդեռ Ադրբեջանին տրամադրվող օգնության ծավալը 20 անգամ քիչ է և ընդամենը 140 միլիոն եվրո է։ Ալիևը ցանկություն է հայտնել, որ Եվրոպայի «մոտեցումը հիմնված լինի ընդհանուր չափանիշների վրա»: «Մենք ուզում ենք, որ Ադրբեջանին միջոցներ տրամադրվեն նույն պայմաններով և նույն ծավալով»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
ԻՐԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է «ՕՄԻԿՐՈՆՈՎ» ՎԱՐԱԿՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ
Իրանում գրանցվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Վարակված քաղաքացին Թեհրան է ժամանել ԱՄԷ-ից: Նոր շտամի տարածման ֆոնին արտակարգ դրություն է հայտարարվել Լոնդոնում։ Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի մի շարք հանդիպումներ չեղարկվել են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը մեծ արագությամբ տարածվում է ամբողջ մոլորակում։ Այն գրանցվել է աշխարհի 70-ից ավելի երկրներում։
ԹԱՅՖՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԼԻՊԻՆՆԵՐՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 208 ՄԱՐԴ
Ֆիլիպիններում «Ռայի» թայֆունի հետևանքով զոհվել է առնվազն 208 մարդ, 50-ից ավելը համարվում են անհայտ կորած: Սա արդեն այս տարի 22-րդ թայֆունն է, որին բախվել է երկիրը:
Ֆիլիպինների նախագահի ներկայացուցչի փոխանցմամբ՝ տարհանվել է ավելի քան 332 հազար մարդ, նրանցից 15 հազարը տեղավորել են տարհանման կենտրոններում: