ԼԱՊԼԱՆԴԻԱ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՆՏԱՅԻ ՀԵՏ
Սանտա Կլաուսը և ձյան առատ տեղումները զբոսաշրջիկներին դարձյալ կանչում են դեպի Լապլանդիա` հանդիպելու Սուրբծննդյան և Ամանորի հրաշքին: Անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով Լապլանդիայում զբոսաշրջության ոլորտը զգալիորեն տուժել էր:
Սովորաբար Սուրբծննդյան օրերին Լապլանդիա են այցելում զբոսաշրջիկներ հիմնականում Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից և Դուբայից: Մինչդեռ նամակներ Սանտան ստանում է աշխարհի բոլոր ծագերից:
Լապլանդիայի Ռովանիեմի բնակավայրը Սանտա Կլաուսի պաշտոնական հայրենի քաղաքն է, որն ավելի շատ հայտնի է «Սանտայի գյուղ» անվամբ: Այս տարի ակնկալվում է, որ Ռովանիեմի կայցելի նախաքովիդյան շրջանի զբոսաշրջիկների թվի 70-80 տոկոսը:
Կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով թռիչքները դեպի Լապլանդիա չեն չեղարկվել: Մարդիկ, չնայած համավարակին, ամեն դեպքում որոշել են այս տարի այցելել Սանտային:
Սանտա Կլաուս – Ողջույններս Ռովանիեմիից: Արդեն երկու տարի է՝ ինչ արտասովոր ժամանակներ ենք ապրում: Մեզանից յուրաքանչյուրի համար դա բավականին երկար ժամանակ է: Սակայն պատկերացրեք 6-ամյա մի երեխայի, որի կյանքի մեկ երրորդն անցել է կորոնավիրուսի պայմաններում: Ես ամբողջ աշխարհից անհանգստացնող լուրեր եմ լսում երեխաների և երիտասարդների որպիսության մասին: Հիմա ժամանակն է, որ այդ անհանգստությունը վերածենք մեծ բարի կամքի: Եկե՛ք երեխաներին մի փոքր ժամանակ հատկացնենք: Եկե՛ք միասին ինչ-որ բան անենք: Եկե՛ք այս Սուրբ Ծնունդը երջանիկ և անմոռանալի դարձնենք բոլորի համար: Ես ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
ՊԱՂԵՍՏԻՆ
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՎԵԼՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՊԱՊԻԿԸ
Հորդանան գետի Արևմտյան ափի Նաբլուս բնակավայրի իր համեստ արհեստանոցում 73-ամյա Սաբրի Աբու Հաթեմը խնամքով դասավորում է ծղոտներն այնպես, որ ավել կապի: Տղամարդն ասում է, որ ինքն ու իր ընտանիքը, թերևս, վերջին պաղեստինցիներն են այս տարածքում, որ ավանդական ծղոտե ավելներ են պատրաստում:
Պատրաստի արտադրանքը վաճառում են Արևմտյան ափի մերձակա գյուղերի շուկաներում:
Սաբրի Աբու Հաթեմ (ավել պատրաստողը) - Ես արդեն 50 տարի է՝ ինչ այս գործով եմ զբաղվում: Քանի որ ավելին շատ այլընտրանքներ կան, մեր աշխատանքը մի փոքր թեթևացել է: Քաղաքներում, որտեղ մարդիկ հիմնականում բնակարաններում են ապրում, այսպիսի ավելների կարիք չունեն: Սակայն գյուղական համայնքներում մարդիկ մինչև օրս նման ավելներից են օգտվում:
Նաբլուսի շուկաներից մեկում խանութի սեփականատեր Ջամիլ Ալ-Ռամահին ասում է, որ թեև ժամանակակից այլընտրանքների պատճառով ավելի բիզնեսն այլևս այն չէ, ինչ նախկինում էր, ավելները պաղեստինյան մշակութային ժառանգության մաս են և հաճախ որպես դեկորատիվ զարդարանք են օգտագործում: Պաղեստինի շուկաներում այսպիսի մեկ ավելի գինը երեք դոլարից մի փոքր ավելի է:
ԱՎՍՏՐԱԼԻԱ
ԱՎՍՏՐԱԼԱՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ «ԵՐԵՍ ԵՆ ՏԱԼԻՍ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ
Ամանորի և Սուրբծննդյան տոներին ընդառաջ ավստրալացիները հեղեղել են առևտրի կենտրոնները: Սիդնեյում առևտուրը եռում է, մարդիկ գնումներ են անում ինչպես իրենց, այնպես էլ հարազատներին ու ընկերներին նվիրելու համար:
Խանութներից մեկի մենեջերի խոսքով՝ թեև Սիդնեյում օրական կորոնավիրուսի 100-ից ավելի դեպք է գրանցվում, և կարանտինն առայժմ չի չեղարկվել, քաղաքի բնակիչներն այս տարի նախորդների համեմատ ավելի շատ գումար են ծախսում՝ տոնական նվերներ գնելու նպատակով:
Ջեյսոն Ջեյմս (խանութի մենեջեր) - Այս Սուրբծննդյան տոներին մարդիկ ցանկանում են իրենց, ընկերներին, սիրելիներին և ընտանիքի անդամներին մի փոքր «երես տալ»: Նրանք այս տարի անհամեմատ ավելի շատ գումար են ծախսում գնումների վրա:
Սիդնեյի առևտրի կենտրոններն արդեն զարդարել են Սուրբծննդյան զարդարանքներով: Իսկ Նյու Սաութ Ուեսթում տեղադրված տոնածառը մագնիսի պես ձգում է սիրողական լուսանկարիչներին:
ԴԱՆԻԱ
ԶԱՐԴԱՐՎԱԾ ԹԻԱՆԱՎԱԿՆԵՐԸ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԿՈՊԵՆՀԱԳԵՆԻ ՋՐԱՆՑՔՆԵՐԸ
Հարյուրավոր թիանավակներ, որոնք զարդարված են Սուրբծննդյան լույսերով ու դեկորացիաներով, լուսավորել են ձմեռային խավարը, երբ սկսել են լողալ Կոպենհագենի ջրանցքներով: Դանիայի մայրաքաղաքում այսպես են նշել Սուրբ Լուցիայի օրը:
Անցորդները փողոցներից և կամուրջներից հետևել են, թե ինչպես են մոտ յոթ հարյուր թիանավակները մասնակցում ջրանցքում անցկացվող շքերթին: Գիշերային խավարն այսկերպ գրեթե ամբողջովին լուսավորվել է:
Գուստավո Կորդես (թիանավակների շքերթի կազմակերպիչ) - Սուրբ Լուցիան մարդկանց լույս է բերում խավարի մեջ, իսկ մենք հիմա իրապես մթին ժամանակներում ենք ապրում:
Շքերթի ընթացքում միջոցառման մասնակիցները չորս կանգառ են ունեցել, որպեսզի հատուկ տոնական ավանդական երգեր կատարեն: Նրանք բավականին տաք են հագնված, որպեսզի շքերթի ժամանակ չմրսեն, բացի այդ, այնպիսի հանդերձանք են կրում, որ սառը ջուրն ընկնելիս շատ չթրջվեն:
Ամենագեղեցիկ զարդարված թիանավակների տերերը մեկական շիշ շամպայն են ստացել: Առաջին անգամ նման շքերթ անցկացվել է 19-րդ դարում, Շվեդիայում, հետագայում այն յուրացրել են Դանիայում ապրող հարևանները:
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԱՄԱՆՈՐՅԱ ԶԱՐԴԱՐԱՆՔՆԵՐԸ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻՆ
Հանգստյան օրերին Մոսկվայի փողոցներում Սուրբծննդյան տոնավաճառներ, լուսային ինստալյացիաներ և կարուսելներ են հայտնվել. Ռուսաստանը պատրաստվում է Ամանորի տոնակատարություններին:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեկ տարվա հարկադիր ընդմիջումից հետո «Ճանապարհորդություն դեպի Սուրբ Ծնունդ» խորագրով ձմեռային փառատոնը վերադարձել է Մոսկվա:
Փառատոնը բացվել է քաղաքի 27 վայրերում, որտեղ Մոսկվայի բնակիչները կարող են համտեսել ազգային ուտեստներ, գնել ավանդական ձեռագործ աշխատանքներ և զգալ տոնական շունչը:
Մոսկվայի կենտրոնը ծածկված է ամանորյա լույսերով, ճյուղաշղթաներով և հիասքանչ տոնածառերով: Այս ամենը ռուս դիզայներների աշխատանքի արդյունքն է:
ՀՈՒՆԳԱՐԻԱ
ԿԻՍԱՄԵՐԿ ՍԱՆՏԱՆԵՐԻ ՎԱԶՔ` ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է ամենամյա «Մերկ Սանտայի վազք» կոչվող միջոցառումը: Սա իրականում բարեգործական ակցիա է, որին այս տարի մասնակցել է 40 մարդ: Նրանք կրում են միայն Սանտայի համար նախատեսված լողազգեստ ու գլխարկ: Անտեսելով ցուրտ եղանակը՝ այս քաջ կանայք ու տղամարդիկ, նաև մի քանի երեխա, համարձակվել են վազել քաղաքի փողոցներով:
Անցած տարի, իհարկե, այս միջոցառումը չեղարկվել էր` կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն այս տարի որոշել են, ամեն դեպքում, անցկացնել: Մասնակիցները մեծ ոգևորությամբ են մասնակցել դրամահավաքին:
Նրանք սկզբում մի լավ տաքացել են, իսկ հետո Սանտայի պես «հո-հո-հո» գոչելով՝ վազել են քաղաքով մեկ, խանութներով լի փողոցներով ու ողջունել զարմացած տեղացիներին և զբոսաշրջիկներին: Նրանք կանգ են առել մի քանի վայրերում` վարժություններ անելու, ցատկոտելու և պարելու համար:
Քրիստիան Մեհես («Մերկ Սանտայի վազքի» կազմակերպւչ) - Սովորաբար սա ինձ համար ամբողջ տարվա ընթացքում միակ վազքն է լինում, սակայն մեր շարքերում կան նաև մարաթոնյան վազորդներ, ուստի նրանց համար սա այնքան էլ բարդ գործ չէ: Իրականում այս վազքին նախապատրաստվել հնարավոր չէ, քանի որ երբեք չես կարող կանխատեսել, թե ինչ եղանակ կլինի այդ օրը: Եթե բախտներս բերի, տաք կլինի, եթե` ոչ, ապա կմրսենք:
Կիսամերկ սանտաների վազքի կազմակերպիչները մասնակցության վճարները նվիրաբերում են մանկական բարեգործական կազմակերպությանը: Շարժվելը, ուրախանալը, երգելն ու զվարճանալը վազքի մասնակիցներին էներգիա են տալիս, որպեսզի ցրտին դիմանան:
Հունգարիայում կիսամերկ սանտաների վազք անցկացվում է արդեն 18-րդ տարին: Միջոցառման հեղինակը ոգեշնչվել է Բոստոնում անցկացված նմանատիպ վազքից և որոշել է այս ավանդույթը ներմուծել Բուդապեշտ, որտեղ սառցաջրի մեջ լողալը ևս հայտնի ձմեռային մարզաձև է:
ՊԵՐՈՒ
ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՆՎԵՐՆԵՐ՝ ՊԵՐՈՒԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Պարզվում է, որ Սուրբ Ծնունդը միայն մարդկանց համար չէ: Պերուի կենդանաբանական այգու մեծ ու փոքր բնակիչները նույնպես տոներին ընդառաջ նվերներ են ստացել:
Մայրաքաղաք Լիմայի «Հուաչիպա» կոչվող կենդանաբանական այգու աշխատակիցները համեղ նվերներով են զարմացրել ուղտերին, վագրերին և այգու մյուս կենդանիներին:
Կենդանաբանական այգու անասնաբույժ Սելիա Դիասի խոսքով՝ Սուրբծննդյան նվերները կենդանիների բարեկեցության ծրագրի մասն են:
Սելիա Դիաս (կենդանաբանական այգու անասնաբույժ) - Մենք ունենք շրջակա միջավայրի հարստացման ծրագիր, որը կենդանիների բարեկեցության ծրագրի մասն է: Սուրբծննդյան տոնի կապակցությամբ ծրագրի շրջանակում մենք մեր կենդանիների համար լավագույնն ենք անում: Սնունդը, որ տալիս ենք նրանց, անկախ այն բանից, մսակեր են, թե՝ բուսակեր, այս կամ այն կերպ առնչվում է Սուրբծննդյան հետ:
Այգու այցելուները հետևում են, թե ինչպես են Սանտայի հանդերձանքով աշխատակիցները նվերները բաժանում կենդանիներին: Այցելուները վստահեցնում են, որ այս միջոցառումն ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում կենդանաբանական այգի:
ՖՐԱՆՍԻԱ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՆ ԱՆՏԵՍՈՒՄ Է ՔՈՎԻԴԻ 5-ՐԴ ԱԼԻՔԸ
Ֆրանսիայի արևելյան Կոլմար քաղաքում բացվել է ավանդական Սուրբծննդյան տոնավաճառը: Կրպակներն ու շրջակա ծառերը զարդարված են տոնական լույսերով ու զարդարանքներով:
Թեև արված է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կորոնավիրուսի համավարակն այս տարի չխաթարի տոնական մթնոլորտը, նախորդ տարիների համեմատ, այցելուների պակաս, ամեն դեպքում, զգացվում է: Ֆրանսիան այժմ կանգնած է Քովիդ-19-ի 5-րդ ալիքի շեմին:
Վաճառողները մեծ ուրախությամբ են նշել Սուրբծննդյան տոնավաճառի վերաբացումը: Նրանք, սակայն, վստահեցնում են, որ 2019 թվականի համեմատ եկամտի 10-30 տոկոս անկում են նկատում: Նրանցից մի քանիսը նաև ասում են, որ վաճառողների համար համավարակով պայմանավորված՝ սահմանափակումները մի փոքր դժվարություն են առաջացնում: Սակայն կան նաև այնպիսի վաճառողներ, որոնք ոչնչից չեն դժգոհում:
Քլոի Կլավեր (տոնավաճառի վաճառող) - Ես չեմ վախենում կորոնավիրուսով վարակվելուց, քանի որ մենք հիգիենայի պահպանման բոլոր միջոցները ձեռնարկում ենք, ախտահանում ենք մեր ձեռքերը, դիմակ ենք կրում, բոլորս պատվաստված ենք և այցելուներին էլ խնդրում ենք «կանաչ անձնագրեր» ներկայացնել:
Այս տարի տոնավաճառի այցելուները պետք է դիմակ կրեն շուկայի մերձակայքում, իսկ նրանք, ովքեր ցանկանում են համտեսել տաք գինի և տոնական անուշեղեն, նախքան դա պետք է պարտադիր բուժզննում անցնեն:
Եվ չնայած այդ ամենին, տոնավաճառի ինչպես աշխատակիցները, այնպես էլ այցելուները վստահեցնում են, որ համավարակն այս տարի չի ստիպի իրենց հրաժարվել տոները հավուր պատշաճի նշելու գաղափարից: