Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ընդունել է լեհ զինծառայող Էմիլ Չեչկոյի՝ փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը։
Բելառուսի պետական սահմանային կոմիտեն ուրբաթ հայտնել էր, որ լեհ զինծառայողը քաղաքական ապաստան է խնդրել Մինսկից։ Նշվել է, որ 1996 թվականին ծնված, Լեհաստանի զինված ուժերի զինծառայող Չեչկոյին բելառուս սահմանապահները հինգշաբթի կանգնեցրել են սահմանային գոտում՝ գրում է ТАСС -ը։
«Միգրացիոն ճգնաժամով պայմանավորված՝ Լեհաստանի քաղաքականության հետ անհամաձայնության և փախստականների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պատճառով զինծառայողը քաղաքական ապաստան է խնդրել Բելառուսի Հանրապետությունից»,- հայտնում է Բելառուսի սահմանային ծառայությունը։
Բելառուսական հեռուստատեսության հետ հարցազրույցում Չեչկոն Լեհաստանի ուժայիններին մեղադրել է միգրանտների սիստեմատիկ սպանությունների, ինչպես նաև երկու կամավորի սպանության համար։ Նա կարծում է, որ Կարմիր խաչը պետք է հետաքննի իրավիճակը Բելառուսին սահմանակից լեհական տարածքում։