ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) քննված քրեական գործով իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անտառուտ համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների դեպքի հանգամանքները:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, 2010 թ. հոկտեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Քննությամբ հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու և կասեցնելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով դրա հետևանքների վերացումն ապահովելու սեփական լիազորություն, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի բնակիչն Անտառուտ համայնքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող, գյուղատնտեսական արտադրական, ինչպես նաև խոտհարք և արոտավայր նպատակային նշանակության ընդհանուր 5.007 մ2 հողատարածքում 2013 թվականից 2018 թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի և թույլտվության, ինքնակամ կառուցել է քարե երեք շինություն, որոնք շահագործել է որպես հյուրանոցային համալիր և ռեստորան:
Համայնքի ղեկավարը, մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելով քաղաքացու հետ, դեռևս շինարարության իրականացման ժամանակահատվածում հաստատապես տեղյակ լինելով վերջինիս կողմից իրականացվող անօրինական շինարարության, իսկ հետագայում՝ շինությունների անօրինական շահագործման մասին, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու և կասեցնելու, ինչպես նաև՝ օրենքով սահմանված կարգով դրա հետևանքների վերացումն ապահովելու լիազորություն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, դիտավորությամբ չի կատարել համայնքի ղեկավարի՝ օրենքով նախատեսված լիազորությունները. որևէ միջոց չի ձեռնարկել՝ հիշյալ հողերի նպատակային նշանակությունները փոփոխելու, ինքնակամ կառուցված շինություններն ամբողջությամբ օրինականացնելու ուղղությամբ, օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել՝ ինքնակամ շինարարություն իրականացրած անձի նկատմամբ, ինչի արդյունքում համայնքային բյուջե չի մուտքագրվել վճարվելիք առանձնապես խոշոր չափերի՝ 22.707.154 դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Անտառուտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել է՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի հիմքով։
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: