Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ:
«Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ, վետերաններ,
Ներքին գործերի նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը մեր երկրի անվտանգության ապահովման կարևորագույն ինստիտուտն է և մեծ է աշխատակիցների գործունեության շրջանակն ու աշխարհագրությունը: Իհարկե, Ձեր կողմից իրականացվող գործառույթները մեծ հաշվով անհասանելի և անտեսանելի է մեր բնակչության համար, բայց վստահ եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է, որ Ձեր ծառայությամբ պաշտպանում եք Արցախի Հանրապետության անվտանգության շահերը:
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում, կառույցն իր ծառայողական պարտականությունները կատարելուն զուգահեռ, զինվորագրվեց նաև Հայրենիքի պաշտպանությանը: Իմ խոնարհումը համակարգի այն 18 նվիրյալներին, ովքեր անմահացան Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Փառք հերոսներին:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն ծառայողներին, ովքեր շարքում են և շարունակում են իրենց ամբասիր ծառայությամբ պաշտպանել Արցախի Հանրապետությունը՝ ներքին ու արտաքին սպառնալիքներից:
Մեր երկրի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերները հաղթահարելու համար, այսուհետ ևս շարունակելու ենք մեր կառույցների միջև ձևավորված համագործակցությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորում և մաղթում եմ բոլորիդ աշխատանքային հետագա հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ»,- ասված է ուղերձում: