Նախորդ տարվա պատերազմից հետո Հայաստանում ոչ մի կրակոց չի հնչել, քաղաքացիական բախումներ չեն եղել: Պատերազմով անցած և նման իրավիճակում հայտնված երկրների պարագայում սա աննախադեպ է և մի շարք պետական մարմինների՝ այդ թվում Ազգային անվտանգության ծառայության արդյունավետ աշխատանքի հետևանք՝ նշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնակցում էր Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա հանդիսավոր նիստին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Բայց մենք նաև պիտի ընդգծենք, որ մեր առաջ եղած և առկա մարտահրավերները չեզոքացված չեն, և այս ընթացքում մեր ձեռք բերած փորձը պիտի օգտագործենք պետականության, ինքնիշխանության, անկախության, մեր Սահմանադրության և օրենսդրության, մեր տարածքային ամբողջականության պահպանման գործում առավել արդյունավետ լինելու համար:
Մեր երկիրը պետական մարմինների ինստիտուցիոնալ կայացման խնդիր ունի՝ 2020-ն է ցույց տվել՝ շարունակում է վարչապետը: Երբ բովանդակությունից անցնում ես գործնական հարթություն, պարզվում է, որ այդ մարմինները բավարար հզորություններով, կարողություններով, այդ թվում՝ տեխնիկական, բովանդակային, համակարգային, ապահովված չեն:
Նիկոլ Փաշինյան - Սա մեր ընթացիկ ամենամեծ խնդիրն է, որպեսզի կարողանանք այնպես անել, որ, ի վերջո, մեր պետական մարմինները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը, համապատասխանեն այն միջավայրին, որում նրանք այսօր գործում են: 21-րդ դարի միջավայրում, երբ տեխնիկան, տեխնոլոգիաներն օր օրի զարգանում են և ներդրվում են գործնական կյանքում, այդ ոլորտում հետ մնալը նշանակում է չկարողանալ կառավարել երկրի առաջ առկա մարտահրավերները:
Վարչապետն արձանագրում է նաև՝ պետականության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար պատասխանատու մարմիններում այսօր աշխատավարձը չի համապատասխանում առկա մարտահրավերներին: Սա մեկ գործողությամբ լուծվող հարց չէ, բայց ճիշտ դիրքավորվել է պետք՝ արդյունավետ աշխատելու համար:
Նիկոլ Փաշինյան - Ըստ էության, տարածաշրջանում ձևավորվում է նոր իրավիճակ, երբ Հայաստանի կառավարությունը հռչակել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականություն, ինչը նշանակում է, որ այս նոր միջավայրում Ազգային անվտանգության ծառայության առաջ դրված խնդիրները շատ ավելի են բարդանալու: Որովհետև, նախ, քաղաքական հայտարարությունները դեռևս ինքնին չեն նշանակում, որ կհաջողվի դա իրականացնել, և երկրորդը, եթե մենք այս ուղղությամբ հաջողությամբ առաջ շարժվենք, մարտահրավերների կառավարումը լինելու է շատ ավելի բարդ և շատ ավելի դժվարին:
ԱԱԾ-Ն ՊԵՏՔ Է ՄԵԾԱՑՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Կառավարությունն իրենից կախվածն անելու է՝ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար՝ ընդգծում է Փաշինյանը: Նա նշում է, որ ԱԱԾ-ն պետք է կրկնապատկի զգոնությունը և մեծացնի աշխատանքի արդյունավետությունը: Վարչապետն անդրադառնում է նաև անընդհատ շահարկվող մի հարցի, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող էր և պետք է այլ կերպ լուծվեր:
Նիկոլ Փաշինյան - Թող լուծվեր: Իսկ ինչո՞ւ չի լուծվել: Եթե կարող էր և պիտի լուծվեր այդպես, ինչո՞ւ չի լուծվել: Արդեն շատ երկար ժամանակ՝ ավելի քան 20 տարի, Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է այդ գործընթացի մեջ: Մենք անընդհատ լսել ենք քաղաքական հայտարարություններ, իսկ երբ վերադարձել ենք և հասանելիություն ենք ստացել բանակցային բովանդակությանը, տեսել ենք, որ շատ դեպքերում Հայաստանում հնչող քաղաքական հայտարարությունները կապ չունեն այն բովանդակության հետ, որը ձևավորվում էր բանակցային սեղանի շուրջ: ...մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք չենք ուզում ներսում ասել մի բան, դրսում խոսել այլ բան, հետո ընկնել ներսի և դրսի խոսացածների տարբերության արդյունքում առաջացած թակարդների մեջ:
ԱԱԾ-ն երկար տարիներ գործել է տեխնիկապես ոչ լիարժեք բավարար մակարդակով, բայց միաժամանակ բազմաթիվ խնդիրներ լուծվել են Ազգային անվտանգության ծառայության, աշխատակիցների նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և պետական ծառայության արժեքի գիտակցության շնորհիվ:
Նիկոլ Փաշինյան - Մեր խնդիրը պարզ է՝ ամրապնդել Հայաստանի Հանրապետությունը, ամրապնդել մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը, ապահովել Արցախի լինելիությունը, Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք պաշտպանությունը, հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Արցախի ընդունելի կարգավիճակի միջազգայնորեն ճանաչմանը: Եվ այս ուղղություններով աշխատանքը շատ մեծ նվիրում, հետևողականություն, հավասարակշռվածություն պիտի պահանջի մեզանից:
ԱԱԾ ՏՆՕՐԵՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2021-ԻՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ
2021-ին ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության դեպքեր, 6 անձի մասով հարուցված 3 քրեական գործ դատարանում է՝ այս տարվա աշխատանքներն է ամփոփել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Ուսումնասիրել են ԶՈՒ պաշտոնատար անձանց թույլ տված բացթողումների, հակառակորդի կողմից ահաբեկիչների ու վարձկանների օգտագործման, տարբեր զորամասերից գաղտնի տեղեկությունների արտահոսքի և այլ չարաշահումների վերաբերյալ բազմաթիվ փաստեր:
Արմեն Աբազյան (ՀՀ ԱԱԾ տնօրեն) - Բացահայտված շուրջ մեկ տասնյակ դեպքերով, ՀՀ ԶՈՒ նյութատեխնիկական ու սպառազինության մատակարարման գործընթացում թույլ տրված ապօրինությունների արդյունքում, պետությանը պատճառվել է ավելի քան 35 մլրդ ՀՀ դրամ գումարի վնաս: ...խափանվել կամ կանխարգելվել են կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված առերևույթ հանցագործություններ, ստեղծվել են օբյեկտիվ հիմքեր պետությանը պատճառված միլիարդավոր դրամների հասնող վնասների վերականգնման կամ ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում օտարված պետական գույքի բռնագանձման համար:
Պետությանը պատճառված ևս 16 մլրդ դրամի կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտել մարզային ստորաբաժանումները՝ նշում է Աբազյանը: Խոսելով սահմանապահ զորքերի մասին՝ ծառայության տնօրենն ընդգծում է, որ սահմանապահ զորքերն արդեն իսկ ստացել են նախնական անհրաժեշտ ծավալով տարբեր նշանակության տրանսպորտային միջոցներ, ստացիոնար տեսադիտարկման համակարգեր, ԱԹՍ-ներ, գերկարճալիք ռադիոկայաններ:
Արմեն Աբազյան - Հանցագործությունների դեմ պայքարի աշխատանքների շրջանակներում՝ նշեմ, որ հարուցված քրեական գործերն աճել են ոչ միայն քանակական, այլ նաև որակական առումով, ինչի վկայությունն է այն, որ հարուցված քրեական գործերի գերակշիռ մասը հիմնականում ունեցել են դատական հեռանկարի առումով ավարտներ, այդ գործերով այս ընթացքում քրեական հետապնդումներ են հարուցվել և իրականացվել 550-ից ավելի անձանց նկատմամբ: Ընդ որում՝ միայն ընթացիկ տարում ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմում է շուրջ 26 մլրդ ՀՀ դրամ:
Նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պետական պարգևներ է հանձնել՝ «Արիության», Մարտական ծառայության մեդալներ, վարչապետի հուշամեդալներ, շնորհակալագրեր:
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա միջոցառումը շարունակվում է ԱԱԾ սահմանապահ զորքերում: Տնօրենի գլխավորությամբ, ծառայության ղեկավար կազմը հարգանքի տուրք մատուցեց Արցախյան երկրորդ պատերազմում զոհված սահմանապահ զորքերի ծառայողներին նվիրված հուշաքարի մոտ: 44 օրում զոհվել է 46 սահմանապահ, ևս երկուսն անհետ կորած են: