Ռիտա Բաբայան («Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հինադրամի ուսուցիչ) - Երկուշաբթի այստեղ սկսում եմ դասս առաջին ժամով և արդեն հենց ավարտում եմ, անմիջապես մեկնում եմ Պատարա: Այնտեղ երրորդ, չորրորդ ժամից սկսած դասեր ունեմ, մինչև յոթերորդ ժամ: Եվ շաբաթվա հաջորդ 3 օրերն արդեն այնտեղ եմ, հինգշաբթի երեկոյան հետ եմ գալիս Ստեփանակերտ, քանի որ ուրբաթ այստեղ ունեմ և՛ դաս, և՛ խմբակ երրորդ ու չորրորդ դասարանցիների մոտ:
Ռիտա Բաբայանը «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ առաջնորդներից է: Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի դպրոցում ռուսաց լեզու, Պատարայի միջնակարգում անգլերեն է դասավանդում: Մինչև պատերազմը աշխատում էր Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղում: Կրկին Արցախում է 2020-ի նոյեմբերի 13-ից:
Ռիտա Բաբայան - Քանի որ գյուղից չկա տրանսպորտ, դժվարությունները շատ են, և մնալու տեղն էլ խնդիր է, բայց ամեն ինչ ստացվում է, հուսամ, որ լավ կլինի:
«Դասավանդի՛ր Հայաստան» առաջնորդության զարգացման ծրագրով Արցախում այսօր 26 ուսուցիչ է աշխատում: Կրթական հիմնադրամը մասնագետներին գործուղում է այնտեղ, որտեղ դրա կարիքն ավելի շատ են զգում:
Արմեն Հովհաննիսյան («Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հինադրամի տարածաշրջանային տնօրեն) - Պետք է դպրոցը ցանկություն հայտնի առնվազն 2 տարով մեզ հետ համագործակցելու: Իդեալական կլինի, եթե համագործակցությունը շարունակական լինի, այսինքն՝ երբ այդ ուսուցիչ-առաջնորդը ավարտի իր առաջորդության զարգացման երկամյա ծրագիրը, մենք տանենք, փոխարինենք այլ ուսուցիչ-առաջնորդով, որպեսզի սկսված գործը շարունակական լինի և ավարտին հասցվի:
Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գնահատմամբ՝ «Դասավանդի՛ր Հայաստանը» պատերազմի ժամանակ փորձաքննություն է անցել՝ հեռավար կազմակերպելով արցախցի դպրոցականների կրթությունը: Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը լավ հիմք է համայնքային մտածողության համար:
Լուսինե Ղարախանյան (Արցախի ԿԳՄՍ նախարար) - Երեխաների մոտ ձևավորվում է համայնքային մշակույթ, կոլեկտիվ մտածողություն, ձևավորվում է համայնքային մտածողություն, ինչը շատ կարևոր է համայնքը զարգացնելու համար: Եթե չեմ սխալվում, 18 ծրագիր ես արդեն ընթերցել եմ, թե ինչ են ուզում և ինչպես են պատկերացնում մեր աշակերտները համայնքի զարգացումը: Դասավանդի՛ր Հայաստանի» ուսուցիչներն առաջնորդներ են, և սա առաջնորդական ծրագիր է: Ինչու ենք ասում առաջնորդներ. որովհետև իրենց ներկայությամբ նրանք փոխում են համայնքի կյանքը:
Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքում Պողոս Գալստյանը ֆիզիկա և մաթեմատիկա է դասավանդում: Տեսնելով հերթապահ ուսուցիչների լարվածությունը՝ ավտոմատացրել է դպրոցական զանգը:
Պողոս Գալստյան («Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հինադրամի ուսուցիչ) - Երբ որ սկսեցի արդեն դասապրոցեսների մեջ մտնել, կար հերթապահություն սահմանած, որ ձեռքով զանգը տայինք: Շատ հաճախ դա դասերին խանգարում է՝ մի ժամանակ մի քիչ շատ էր դասը տևում, մի քիչ քիչ, հետո անընդհատ դա մտքիդ մեջ պահեիր, գնամ զանգը տամ և այլն:
Հիմա Գալստյանը մտածում է գյուղում սոցիալական ձեռներեցության ծրագրերի, նաև դպրոցի հարևանությամբ այգի հիմնելու մասին: