Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքը վերջին ամիսներին վերածվել է մեծ շինհրապարակի։
Միանգամից մի քանի վայրում իրականացվում են նոր թաղամասերի կառուցման մեծածավալ շինարարական աշխատանքներ, որոնք միտված են հաղթահարելու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ նոր բնակարանային ֆոնդի ստեղծմամբ և տեղահանված բնակչությանը մշտական բնակարանային ապահովմամբ։
Շինհարթակներից մեկում այժմ կատարվում են միանգամից 15 եռահարկ (և մեկ ստորգետնյա հարկ) շենքերի կառուցման աշխատանքներ։ Շենքերը կունենան, համապատասխանաբար, 12 բնակարան՝ 2, 3 և 4 սենյականոց։ Այս պահին շինարարական աշխատանքները տարբեր փուլերում են՝ սկսած հիմքի կառուցման աշխատանքներից մինչև պատերի շարման և տանիքի կառուցման նախապատրաստական աշխատանքներ։
Թաղամասի կառուցման նախագիծն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։