Այսօր Կապանում գործարկվել է Թումո տուփը: Այդ մասին ասված է Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
Բացմանը ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը: Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանն ու բարերարներից ներկա Կարապետ Պարտագճյանը բացեցին Թումո տուփի դռները։
Արդեն 240-ից ավելի կապանցի պատանի է դիմել Թումոյի դասընթացներին մասնակցելու համար։
Կապանում տեղադրված տուփում առայժմ կիրականացվեն ինքնուսուցում ու առցանց միացումներ Թումո կենտրոնների դասընթացներին, կա նաև վերապատրաստված կապանցի երկու մարզիչ։ Իսկ առաջիկայում նախատեսվում է Կապանի երկաթուղային կայարանի շենքի վերակառուցումից հետո այնտեղ հիմնել Թումո կենտրոն, որն առավել լայն գործունեություն կծավալի, և այս տուփը կտեղափոխվի մարզի այլ փոքր համայնք։
Շենքի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023թ․։
Սյունիքում նախատեսվում է ունենալ 2 կենտրոն՝ Կապանում ու Սիսիանում և նրանց միացված 6 Թումո տուփ՝ Գորիսում, Քաջարանում, Մեղրիում, Շաքիում, Տեղում, Շինուհայրում։
Թումոն 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է:
Պատանիները հմտանում են անիմացիայի, ծրագրավորման, գրաֆիկական դիզայնի, ռոբոտաշինության և 10 այլ կրթական ոլորտներում: