Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի առաջին երկու դեպքը, թեստավորում է անցնում նրանց հետ շփված 26 մարդ՝ հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն՝ գրում է РИА Новости-ն։
«Երկու հիվանդներն էլ Վրաստանի քաղաքացիներ են, որոնք այցելել են ԱՄՆ և Դուբայ, նրանք գտնվում են մեկուսացման մեջ, ուսումնասիրում ենք նաև վարակվածների հետ շփված 26 անձի»,- լրագրողներին ասել է Գամկրելիձեն։
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում գրանցվել է COVID-19 վարակի 1296 նոր դեպք, 45 հիվանդ մահացել է։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Թբիլիսին է։ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։