Եվրամիությունն արձագանքել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի համաձայնագրերի նախագծերին՝ տեղեկացնում է РИА Новости-ն։
«Եվրամիությունը, իհարկե, պետք է մասնակից լինի եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ ցանկացած բանակցություններին։ Ուրբաթ ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամների միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների նախագիծը։ Ակնհայտ է, որ ԵՄ-ն պետք է լինի նման քննարկումների անբաժանելի մասը»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նա կասկած է հայտնել, որ Ռուսաստանը ցանկանում է եվրոպական երկրներին «բացառել» անվտանգության բանակցություններից, սակայն հույս ունի, որ ԱՄՆ-ը դա թույլ չի տա։
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտն էլ, մեկնաբանելով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին ռուսական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է, որ Ռուսաստանն իրավունք չունի ուղղորդել ՆԱՏՕ-ի գործընկերներին։
Ինը հոդվածից բաղկացած նախագիծը ենթադրում է ՆԱՏՕ-ի հրաժարումն ընդարձակվելուց, ներառյալ Ուկրաինայի անդամակցությունը, ռազմական գործողությունների իրականացումն Արևելյան Եվրոպայի, հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածքներում, ինչպես նաև հրաժարում միջին և կարճ հեռահարության հրթիռների տեղակայումից: