Ֆիլիպիններում «Ռաի» թայֆունը հարվածել է երկրի կենտրոնական և հարավային նահանգներին, զոհերի թիվը հասել է 208-ի: Ըստ ոստիկանության տվյալների՝ զոհերը հիմնականում Սեբու և Բոհոլ կղզիներում են: Բնական աղետն առաջացրել է մեծ ավերածություններ, փլուզվել են տներ, խափանվել է էլեկտրամատակարարումը, վնասվել են ենթակառուցվածքներ՝ հայտնում է Interfax-ը:
Կառավարությունը կիրակի հայտարարել է, որ 2 միլիարդ պեսո (մոտ 40 միլիոն դոլար) կտրամադրի տուժած շրջանների մարդկանց ջուր, սնունդ, վրաններ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ տրամադրելու համար:
Ֆիլիպինների նախագահի ներկայացուցիչ Կառլո Նոգրալեսը հայտնել է, որ մինչև թայֆունի մոտենալը հասցրել են տարհանել ավելի քան 332 հազար մարդու: «Ռաի» թայֆունը ֆիլիպինցիներն անվանում են Օդետ։
Ամեն տարի Ֆիլիպիններին հարվածում է մոտ 20 փոթորիկ և թայֆուն։ Արշիպելագը տեղակայված է Խաղաղ օվկիանոսի հրաբխային օղակում, որտեղ գտնվում է Երկրագնդի հրաբուխների մեծ մասը և տեղի են ունենում բազմաթիվ բնական աղետներ: