ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը և խմբի անդամները դեկտեմբերի 20-ին հանդիպել են Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը կարևորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա հարաբերությունների առավել խորացումը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանը:
«Հաջորդ տարի նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները կառուցվել են փոխվստահության և փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ընդգծել է պատգամավորը և հավելել, որ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցում ուրույն դեր ունեն պատգամավորական բարեկամական խմբերը:
Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների և ժողովրդի ջերմ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ՝ նշելով, որ հայերն ակտիվ դերակատարություն ունեն այդ երկրի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում:
Բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին՝ հայկական մշակութային ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար, ինչը չի կարելի ասել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային և հոգևոր ժառանգության մասով: Ըստ Գևորգ Պապոյանի՝ Ադրբեջանի իշխանությունների հրահանգով ոչնչացվում և ձևափոխվում են դրանք՝ նպատակ ունենալով վերացնել հայկական բազմադարյա պատմության հետքն Արցախից:
Գևորգ Պապոյանն անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողություններն այժմ էլ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Չնայած ստեղծված իրադրությանը՝ Հայաստանը շարունակում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը. նշել է պատգամավորը: Այս գործընթացում նա ընդգծել է Իրանի դերակատարությունը:
Սեյեդ Մեհդի Ֆարշադանը միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում առանձնակի կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը:
«Մեզ համար ընդունելի չէ աշխարհաքաղաքական և տարածքային ամբողջականության ցանկացած փոփոխություն: Աջակցում ենք այն համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել 2020թ. նոյեմբերին»,-փաստել է բարեկամական խմբի ղեկավարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաև համատեղ արտադրության զարգացմանը, ինչպես նաև ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման կարևորությանը: